«Պարոն փոխնախագահ, ինչպե՞ս մենք կարող ենք խոսել հարատեւ խաղաղության մասին, եթե հայերը պահվում են ադրբեջանական զնդաններում, եթե Արցախի պատմամշակութային հուշարձանները ոչնչացվում են եւ եթե Ադրբեջանը անխոչընդոտ անցման դիմաց ընդամենը սահմանափակ տարանցաման իրավունք է տալիս Հայաստանին»,- Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ն պետք է միջնորդի, որպեսզի Բաքվի բանտերում գտնվող 19 հայերը վերադարձվեն։ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական բանակցությունների ողջ ընթացքում Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ անգամ այցելել են Արցախ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, արդյոք ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպել են ահաբեկիչների՞ հետ, մարդասպանների՞ հետ, ցեղասպանություն գործողների՞ հետ, հանցագործների՞ հետ, իհարկե, ոչ։ Այդ մարդիկ ներկայացրել են Արցախի ժողովրդին, օրինական ընտրված ներկայացուցիչներ են եղել, որոնց լիազորությունները ճանաչվել են միջազգային հանրության կողմից։
Այսօր խնդրում ենք ձեզ՝ ձեր ամբողջ հեղինակությունը բանեցնել եւ ապահովել, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նաեւ հայտարարեց, որ ԱՄՆ փոխնախագահը Բաքու կատարելիք իր այցի ժամանակ պետք է բարձրացնի նաեւ Արցախում քրիստոնեական ժառանգության ոչնչացման հարցը։
«Պարոն փոխնախագահ, Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը, որը ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակույթի մաս է կազմում։ Կոչ ենք անում ձեզ՝ սանձել Ադրբեջանի բարբարոսությունը, սանձել այն վայրագությունները, որոնք նրանք իրականացնում են մեր վանքերի դեմ։ Վերջիվերջո, ակնհայտ է, որ սրանով ադրբեջանցիներն ուզում են ջնջել Արցախում հայկական հետքը, որ ինչ-որ մի պահի ասեն՝ այստեղ հայ չի եղել»,- նշեց Արթուր Խաչատրյանը։