
«Նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձեւը այն է, որպեսզի աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիները տարածվեն ու տեղադրվեն։ ԱՄՆ-ն 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է հաստատել Հայաստանի համար։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որը պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի։ Դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղերի բացում, լրացուցիչ ներդրումներ»,- այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց ԱՄՆ ափոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ի շարունակություն երկու բազմամյա անվտանգային համագործակցությանը և արդեն երեք տարի անընդմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին, Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Մենք ոչ միայն խաղաղություն ենք կերտում Հայաստանի համար, այլ նաեւ բարգավաճում՝ ԱՄՆ հետ միասին։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի եւ ԱՄՆ գործընկերության համար»։
Ստորագրվեց Միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման ոլորտում ՀՀ եւ ԱՄՆ կառավարության միջեւ համագործակցության մասին բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը։ Վենսն ասաց, որ ամերկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան։ “Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիներ արտահանի այլ երկիր։ Սկզբում մոտ 5 մլրդ դոլար գումարի մասին ենք խոսում, ներդրումներ կարվեն, հետագայում երկրորդ փուլում՝ եւս 4 մլրդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար, եւ ԱՄՆ, ստեղծվելու են շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում, եւ Հայաստանում»,- նշեց նա։
ԱՄՆ փոխնախագահը նաեւ ասաց․ «Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որը երբեւէ այցելել է այս երկիր։ Սա ամբողջ աշխարհի հնագույն քրիստոնյա պետություններից ու ազգերից մեկն է։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում այս երկիրն ամբողջ աշխարհի համար»։