
«Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել որպես պետություն՝ պետության մեջ, որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ։ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ունենք ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով, Փաշինյանը ներկայացնում է Եկեղեցուն քաղաքական մեղադրանք, այլևս չհիշատակելով անձամբ Գարեգին Բ-ի բարոյակայն համբավը։ Կառավարությունը գրեթե մեկ տարի չի կարողանում հասնել Կաթողիկոսի հրաժարականին, մեղադրելով նրան Հայ Առաքելական եկեղեցու Կանոնադրության խախտման մեջ։ Քաղաքական մեղադրանքը նշանակում է, որ Կաթողիկոսին կարող են իրավական մեղադրանք ներկայացվել՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում: Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել: Հեռավար մասնակցությունը խնդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում, ասում է Էջմիածինը։
Երեկ հայտնի է դարձել, որ կարգալույծ արված 2 հոգևորականների` Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)` Մայր աթոռի դեմ հայցադիմումները դատարանը վերադարձրել է թերությունների պատճառով։
Փետրվարի 11-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։
Մինչ այդ Կաթողիկոսը կոշտ գնահատական է տվել կառավարության գործունեություններին։
«Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», – ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։