
Ռուսաստանը պատրաստ է այլ երկրների հետ քննարկել Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին վարչակազմի ներդրման գաղափարը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«2025 թվականի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին վարչակազմի ստեղծումը հնարավոր տարբերակներից մեկն է։ Նմանատիպ նախադեպեր տեղի են ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և այլ երկրների հետ քննարկել Կիևում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրման հնարավորությունը», – հայտարարել է Գալուզինը։
Դիվանագետի խոսքով՝ արտաքին վարչակազմը հնարավորություն կտա Ուկրաինայում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ և ստեղծել կառավարություն, «որի հետ կարող են ստորագրվել լիարժեք խաղաղության պայմանագիր և օրինական փաստաթղթեր՝ ապագա միջպետական համագործակցության վերաբերյալ»։
Դեռևս հայտնի չէ՝ այս գաղափարը քննարկվե՞լ է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, թե՞ ոչ, սակայն Ռուսաստանը կտրականապես հայտարարել է, որ չի ստորագրի փաստաթղթեր Վլադիմիր Զելենսկու հետ։ ԱՄՆ նախագահը ևս բազմիցս խոսել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Վլադիմիր Զելենսկին չի հրաժարվում ընտրություններից, այլ առաջարկում է դրանք համատեղել Ռուսաստանի հետ «խաղաղության պայմանագրի» պայմանների, մասնավորապես՝ տարածքներից հրաժարվելու վերաբերյալ հանրաքվեի հետ։
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Ուկրաինայում ընտրությունները և հանրաքվեն կարող են տեղի ունենալ արդեն մայիսին, չնայած Կիևը հերքում է դա։
Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երաշխավորել, որ ընտրությունների օրը Ուկրաինայի վրա հարձակումներ չեն լինի, եթե այնտեղ ընտրություններ անցկացվեն։
Հայտարարությունը հնչում է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 17-18-ը Ժնևում կայանալիք բանակցությունների երրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների ֆոնին։