Չալաբյան․ Արցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է

  • 13:43 18.02.2026

«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ նշելով, որ Արցախի վերահայացումն իրենց քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է եղել ու կմնա։

Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում, որ Արցախը նորից հայկական կլինի, Չալաբյանը պատասխանեց․ «Արցախը հետ վերադարձնելը լինելու է բարդ եւ բազմափուլ գործողություն, որովհետեւ այդ գործողության համար պետք է, օրինակ, ամրապնդել մեր իրավական բոլոր թեզերը եւ Արցախի նկատմամբ մեր իրավունքը։ Պետք է կարողանալ ուժային հիմնական կենտրոններում վերակենդանացնել այդ օրակարգը, միջազգային տարբեր դատական ատյաններում մեր հայցերի միջոցով Արդբեջանի համար անելանելի իրավիճակ ստեղծել, երբ, օրինակ, նա ստիպված կլինի հատուցել գույքի համար կամ կորսված կյանքերի համար։ Մեզ պետք է լինելու կարողանալ Հայաստանում բնակեցված արցախցիներին համախմբել, թույլ չտալ, որ նրանք այստեղից արտագաղթեն, պետք է կարողանանք պահպանել նրանց մշակույթը, ինքնությունը եւ վերադառնալու ցանկությունը։

Ուստի, այս ամենը գործողությունների մեծ կոմպլեքս է, եւ եթե մենք դրանցից գոնե մեկն էլ չանենք, մեր ամբողջ խոսակցություններն Արցախի վերահայացման մասին կլինեն դատարկ խոսակցություններ։ Մենք Արցախի նկատմամբ իրավունքից չպետք է հրաժարվենք, բայց որ ավելի կարեւոր է՝ այդ իրավունքը շարունակաբար պետք է վերահաստատենք։ Եվ ժամանակի ընթացքի, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուժային հավասարակշռությունն աստիճանաբար կփոխվի մեր օգտին, մենք ի վերջո Ադրբեջանին կկարողանանք բերել այն լուծման, որ ինքը կհամաձայնի արցախցիների վերադարձին»։

Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաեւ Նախիջեւանի հարցին, ասաց, որ Ալիեւը Արցախը բռնազավթելուց հետո այս վերջերս բռնազավթել է նաեւ Նախիջեւանը, բայց Հայաստանում գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրա վրա։

«Տեղի է ուենցել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վերացում եւ բռանզավթում Ադրբեջանի կողմից։ Հիշեցնեմ ձեզ, որ Նախիջեւանը ՀՀ կողմից Ադրբեջանին զիջվել է պրոտեկտորատ մնալու, ինքնավարություն ունենալու պայմանով։ Ինքնավարությունը վերացվել է, բայց ՀՀ-ում դրա մասին ոչ ոք չի խոսում, թեեւ մենք Նախիջեւանի Հանրապետության շահառուներից մեկն ենք Կարսի պայմանագրով»,- ասաց նա։