Հլա ո՞ւր եք, մեզ դեռ պարտադրելու են, որ Եռաբլուրի վրա փակցնենք հուշատախտակ

  • 14:18 20.02.2026

Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ալիեւի հայտարարություններին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու «քրեական գործերը» ֆաշիստների գործերի ու Նյուրնբերգյան դատավարության հետ համեմատելու վերաբերյալ։

«Ես ավելի վաղ ասել եմ, որ Միջազգային դատարանում Ադրբեջանի կողմից ներկայացված 2 հայց կա մեր դեմ, 150 մլրդ-ի հայցեր կան եւ այլն։ Հիմա Ալիեւը  քաղաքաղաքական հենքն է պատրաստում, որովհետեւ նացիզմն ու Նյուրնբերգյան դատավարությունը թունդ բառեր են։ Եվ հլա ո՞ւր եք, մեզ դեռ պարտադրելու են, որ ներողութուն խնդրենք, պարտադրելու են, որ Եռաբլուրի վրա փակցնենք հուշատախտակ, որ այստեղ «նացիզմի աջակիցներն են թաղված»։

Ես չեմ հասկանում՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն, որ էս ժողովուրդը հասկանա՝ շատ վատ է լինելու, էնքան վատ, որ ոչ ոք չի պատկերացնում։ Վենսի այցից հայ հասարակությունն ակնկալիք ուներ գերիների հարցով, բայց նրա գնալուց հետո Ալիեւը ցուցադրական դատավճիռներ հրապարակեց եւ քաղաքական մեղադրանք հնչեցրեց ամենաբարձր ամբիոնից։ Իսկ մեր իշխանությունը երբեւէ մեղադրե՞լ է Արդբեջանին շատ ավելի վատ ու հիմնավորված հանցագործությունների մեջ։ Չի մեղադրել, ավելին, այս իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի մենք չկարողանանք հակադարձել»,- ասաց Պապյանը։

Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերը հետ վերցնելու մասին։ Արա Պապյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն հետ չի վերցնելու իր հայցերը, այլ ավելացնելու է դրանց թիվը, նաեւ ֆինանսական փոխհատուցումների վերաբերյալ նոր հայցեր է ներկայացնելու։

«Այս ապուշության հիմքում ի՞նչ է դրված․ Նիկոլն ասում է՝ տեսեք, այսպես կոչված խաղաղության համաձայնագրի մեջ կետ կա, որ միջազգային դատարաններից հայցերը պետք է հետ քաշվեն։ Եվ դրա համար Նիկոլն արդեն ափալ-թափալ հրահանգեց, որ սկսեն հետ կանչել։ Նախ այդ պայմանագիրը շուտ չի ստորագրվի, երկրորդ, փաստաթուղթ ստորագրելն ու փաստաթղթի ուժի մեջ մտնելը երկու տարբեր բաներ են։ Ստորագրելուց հետո դա դեռ պետք է վավերացվի։ Հիշո՞ւմ եք, Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրվել էին, բայց այդպես էլ ուժի մեջ չմտան։ Նույնն էլ սա է լինելու, կարող է հանուն Նիկոլի, որպեսզի իրեն եւս մեկ հաղթաթուղթ տան՝ եւս մեկ անգամ խաբելու հայ ժողովրդին, ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը։ Բայց դրանով ադրբեջանցիները պարտավորություն չեն ունենա հայցերը հետ կանչելու, որովհետեւ պայմանագիրը վավերացված ու ուժի մեջ մտած չի լինի։ Իսկ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է տեւել 2-3 տարի հետ, երբ այդ հայցերով դատավճիռները կարող է արդեն կայացված լինեն։ Իսկ կայացված դատավճիռը չի կարող չեղարկվել։ Այսինքն՝ այդ համաձայնագիրը կամ շատ ուշ կվավերացվի, կամ ընդհանրապես չի վավերացվի»,- նշեց Պապյանը։

Ըստ նրա՝ քանի դեռ Հայաստանի իշխանությունները զիջում են, Ալիեւն անընդհատ իր պահանջները շատացնելու է։

«Ադրեջանը ոչինչ պատահական չի անում, հետեւողականորեն գնում է՝ հուշարձանների նկատմամբ գործողությունները, վերադարձի, պատժամիջոցների, քրիստոնեության հիմքերի մասին հայտարարությունները պատահական չեն։ Այսօր Ադրբեջանն արդեն հայտարարում է, թե իբր առաջին քրիստոնեական երկիրն իրենք են։ Իսկ մեզ մոտ հակառակն է տեղի ունենում, մեզ մոտ իշխանություններն ընկել են եկեղեցու հետեւից եւ քայքայում են այն հիմքերը, որոնք մեզ համար միջազգային առումով շատ լուրջ վարկ են»,- հավելեց նա։