
Ազատությունը հայտնում է, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա՝ մշտական քաղաքացիական առաքելություն։
ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում»։
Նոր առաքելությունը հավանության արժանանալու դեպքում ավելի շատ կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների վրա՝ ներառելով «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հնարավոր է՝ դրան անմիջապես հաջորդող սահմանադրական հանրաքվեն»:
Բրյուսելում՝ դիվանագիտական միջանցքներում, հույս կա, որ այս անգամ Ադրբեջանը կարող է ավելի դրական տրամադրված լինել Հայաստանում ԵՄ նոր առաքելության նկատմամբ, քանի որ այն շաղկապվելու է ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հետ, հայտնում է Ազատությունը։
Օրերս հաղորդվել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 200 միլիոն եվրո, որի մասին եվրահանձնակատար Մարթա Քոսը կհայտարարի մարտ ամսին Հայաստան կատարելիք այցի ժամանակ։
«Ազատության» տեղեկություններից դատելով՝ Հայաստանի կառավարությունը խնդրել է ԵՄ-ից ֆինանսավորում և «արագ արձագանքման խումբ», համարելով, որ առանց նման աջակցության չի կարողանա հաղթել ընտրություններում, ավարտել Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացը» և անցկացնել սահմանադրական հանրաքվե։ ԵՄ-ն, հույս ունենալով, որ այս հարցերում Հայաստանին ուղղված աջակցությունը չի հրահրի բողոքներ Բաքվում, փաստորեն ընդունում է, որ այս երեք գործընթացներն էլ բխում են Ադրբեջանի շահերից։