
Փետրվարի 26-ը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի օրն է:
1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան (Խոջալու) ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել ընդամենը մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում հաստատված հարյուրավոր թուրք-մեսխեթցի բնակչության համար:
Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված ջոկատներն Ակնայից 3կմ հեռավորության վրա գնդակահարել են Իվանյանի թուրք-մեսխեթցի բնակչությանը, անարգել դիակները և դրա մեղավոր հայտարարել հայկական կողմին: Նման վայրագության նպատակն այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելն էր: Սակայն, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին կատարվածի մեջ:
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերն Ադրբեջանի այն ժամանակվա ընդդիմության՝ ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված և իրականացված լինելու մասին վկայում են հետևյալ փաստերն՝ ըստ ժամանակագրության՝
ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած սպանդից երկու օր անց՝ 1992թ. փետրվարի 29-ին, ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևը նկարահանումները է իրականացրել դեպքի վայրում:
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերը քննող Ադրբեջանի Միլի մեջլիսի խորհրդարանական հանձնաժողովում 1992թ. մայիսին տեղի ունեցած քննարկման ժամանակ Չինգիզ Մուստաֆաևը, մասնավորաբար, հայտնել է հետևյալը. «Ամսի 29-ին,… ես տեսա և նկարահանեցի, որ այնտեղ,… մեր 50-ից ավելի դիակներ ցրված էին գետնին։ Եվ ամենասարսափելին ու անհասկանալին ինձ համար մինչ օրս այն է, ինչ ես նկարահանել եմ վերևից – մերոնցից 10 հոգի շրջում էին դիակների միջով։ Նրանք Աղդամից էին, զինվորական համազգեստով: Նրանք նաև մեզ էին նկարահանում… Պարզապես շրջում էին դիակների միջով…
Մինչ այդ ինձ ասում էին. «Այնտեղ դիակներ չկան, մեկ-երկու դիակ կա, հնարավոր չէ գնալ այնտեղ, այնտեղ հայեր կան, այնտեղ կրակոցներ են» և այլն:
Եվ երբ մենք, վերջապես, վայրէջք կատարեցինք այնտեղ ուղղաթիռներով, ինչ-ինչ պատճառներով երեք ուղղաթիռներ հանկարծ անմիջապես թռան դեպի Աղդամ։ Եվ այն 10 հոգին, ինչպես ոտքով եկել էին, այնպես էլ հեռացան:…
Վայրէջքից հետո մենք մնացինք այնտեղ 45 րոպե, դիակների մեջ իրականացրեցինք նկարահանումներ: Ավտոճանապարհից 25 մետր հեռավորության վրա երկու անգամ հայերով լիքը մեքենաներ անցան, մեզ նկատեցին և մենք արդեն ոտքով շարժվում էինք դեպի Աղդամ: Ոչ մի փամփուշտ չարձակեցին:
Մինչև հիմա ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ էին մեր դիրքից 600-700 մետր հեռավորության վրա, որտեղ մեր զինվորներն ազատորեն շրջում էին, ընկած այդ դիակները և ոչ ոք չէր հավաքում նրանց։…», (Правда о Ходжалы – Чингиз Мустафаев / Truth about Khojaly – Chingiz Mustafaev, https://www.youtube.com/watch?v=Gba0aDRdG88):
ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ընդդիմությունն էր՝ ժողճակատը, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից. «Ինչպես ասում են այն խոջալեցիները ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար: … Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկը շահագրգռված է եղել, որ հետո այդ կադրերը ցուցադրի Գերագույն խորհրդի նստաշրջանում և ամեն ինչ կենտրոնացնի իմ անձի վրա:
Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, որ ես նրանց զրպարտում եմ: Բայց քննարկման ընդհանուր նախապատմությունն այն է, որ միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք կրակեին: Առավել ևս Աղդամին մոտ այդ տարածքում, որտեղ այդ ժամանակ կային բավարար ուժեր, որպեսզի մտնեին և օգնեին մարդկանց: Կամ ուղղակի պայմանավորվեին, որպեսզի խաղաղ բնակիչները հեռանան: Այդպիսի պրակտիկա միշտ եղել է:
Ինձ մշտապես ասում էին, որ խոջալեցիները դիմանում են, որ իրենց անհրաժեշտ է օգնել զենքով, մարդկանցով, մթերքով: Ես հանձնարարել եմ կատարել դա ուղղաթիռներով: Սակայն օդաչուները, ինչպես ինձ բացատրեցին, հրաժարվել են այնտեղ թռչել, քանի որ նրանք չունեն հատուկ սարքեր, որպեսզի խուսափեն ստինգերներից (ստինգեր – զենիթահրթիռային համակարգ՝ նախատեսված ցածր թռչող օդային թիրախները ոչնչացնելու համար – Ս. Հ.-Ջ.): …Այնտեղ մոտակայքում տեղակայված է եղել Աղդամի խմբավորումը, որը պարտավոր է եղել մշտապես հետևել իրադարձությունների զարգացմանը: Հենց որ տեխնիկան շրջապատել է Խոջալուն, պետք է էվակուացնեին բնակչությանը: Նախկինում ես նման հանձնարարություն տվել եմ Շուշիի հետ կապված: …Իմ վարքագիծը եղել է օբյեկտիվ և միարժեք: Ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, բայց, թե ինչու Խոջալուում այդ հանձնարարությունը չեն կատարել, ինձ համար պարզ չէ:
Ես, ի դեպ, այդ շրջանում մի քանի անգամ խոսել եմ Մկրտչյանի՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հետ. «Դուք հազարավոր մարդկանց եք պառկեցրել, հնարավորություն տվեք մեզ՝ դուրս բերելու նրանց դիակները»: Սակայն նա պատասխանեց, որ որևէ դիակ չպետք է լինի, մեր մարդիկ իրենց մոտ են, որոնց կերակրում են, չնայած սնունդը չի բավականացնում և պատրաստ են բաց թողնել իրենց գերիների դիմաց:», (Газета “Независимая газета”, N 64, Москва, 2.04.1992, с. 3):
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հարցազրույցի հեղինակ՝ «Независимая газета» թերթի թղթակից, չեխ լրագրող Դանա Մազալովան, «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության հետ 2020թ. փետրվարի 17-ի զրույցում վերահաստատելով, որ Ա. Մութալիբովի հետ իր հարցազրույցն իրական է, մասնավորապես ասել է. «…տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն:
…ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է», (Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում, 17.02.2020, https://armenpress.am/hy/article/1005249):
ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ
1990-1995 թվականներին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռամիզ Ֆաթալիևը 2009թ. սեպտեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, մասնավորապես, ասել է հետևյալը. «Դրանք այն ժամանակներն էին, երբ բոլորը պայքարում էին իշխանության համար։ Բոլորը գիտեն, թե ով էր պայքարում։ Ոմանք ուզում էին իշխանափոխություն, մյուսները փորձում էին հասնել դրան։ Ոմանք ուզում էին, որ հանձնաժողովը հանի Խոջալուի ողբերգության համար պատասխանատուների դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, իսկ մյուսները՝ որ մենք որքան հնարավոր է շատ կեղտ նետենք նրանց վրա, որպեսզի առաջինները կարողանան իշխանության գալ։…
Նախքան Խոջալուում տեղի ունեցած դեպքերը մնացել էր չորս օր։ Փետրվարի 22-ին տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցություն՝ նախագահի, վարչապետի, ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիետի – Ս. Հ.-Ջ.) նախագահի և այլոց ներկայությամբ։…
Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց չտարհանել մարդկանց Խոջալուից։
Կարծիք կար, որ եթե մենք տարհանենք բնակչությանը, դրանով մենք կհրավիրենք հայերին գրավել գյուղը։ Այլ կերպ ասած, մենք ինքներս էինք հայերին դրդել հարձակման։ Նույնիսկ Անվտանգության խորհրդի անդամները գիտեին, որ հայերը չեն կարող կատարել ցեղասպանության նման գործողություններ։ Նրանք կարծում էին, որ եթե մարդիկ հեռանան, մենք ինքներս կհանձնենք Խոջալուն։…
Գոյություն ունի սղագրություն, կարելի է ստուգել…», («Siyasi uzaqgörənliyin olmaması Xocalı hadisəsinə gətirib çıxırdı», 9.09.2009, https://www.azadliq.org/a/1818751.html; Муталибов, премьер-министр, председатель КГБ приняли решение не выводить людей из Ходжалы: Рамиз Фаталиев, 25.02.2020, https://www.aniarc.am/2020/02/25/ramiz-fataliev-interview-azadlig-2009-khojalu/):
ՓԱՍՏ ՉՈՐՐՈՐԴ
1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» թերթին տված հարցազրույցից 22 տարի անց՝ 2014թ. փետրվարի 27-ին, արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուտաընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, ի մասնավորի, ասելով. «…Ժողովրդական ճակատի կողմից ստեղծված այդ սարսափն ուղղված էր իմ դեմ, քանի որ ես էի այն ժամանակ նախագահը, …ընթանում էր պայքար իշխանության համար: Որքան վատ Մութալիբովի համար, այնքան լավ նրա հակառակորդների համար: Ահա սա է մեր ազգային գաղափարը:», («Խոջալու»-ն կազմակերպել էր Ադրբեջանի ժողճակատը. Այազ Մութալիբով, Ալ-Ջազիրա Հ/Ը, 27.02.2014, https://www.youtube.com/watch?v=KGWNoSfbvtU&t=4s):
Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ անառարկելի փաստերի վրա՝ կարող ենք պնդել, որ մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում հաստատված հարյուրավոր թուրք-մեսխեթցի բնակչության մի մասին Ակնայից 3կմ հեռավորության վրա 1992թ. փետրվարի 26-ին գնդակահարել, ապա սպանվածների դիակներն անարգել են Ադրբեջանի ընդդիմության՝ ժողովրդական ճակատի զինված ջոկատները, սակայն դրա մեղավոր են հայտարարել հայկական կողմին:
Նման հրեշավոր գործողությամբ Ադրբեջանի ընդդիմությունը նպատակ է հետապնդել իշխանությունից հեռացնել այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ