
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը՝ նշելով, որ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել փետրվարի 24-ին․ դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է միջնորդությունը։
«Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,–հայտնեցին դատարանից։
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։