
Հայրենիքի մեծությունը նաև այն մարդկանցով է պայմանավորված, ովքեր իրենց հաջողությունը, հնարավորություններն ու նվիրումը ծառայեցնում են սեփական ժողովրդին։ Այդպիսի մարդկանց հիշատակը պահպանվում է ոչ միայն նրանց կատարած գործերով, այլև այն արժեքներով, որոնք նրանք թողնում են հաջորդ սերունդներին։
Լևոն Հայրապետյանի անունը հայ հանրային հիշողության մեջ կապվել է հենց այդպիսի նվիրումի՝ Արցախին աջակցելու, հայրենի բնակավայրերը շենացնելու և ազգային արժեքները պահպանելու ձգտման հետ։
Լինել հայրենասեր նշանակում է հայրենիքի ճակատագրին անտարբեր չլինել, նրա դժվարություններն ընդունել որպես սեփական պատասխանատվություն և հնարավորության դեպքում նպաստել նրա զարգացմանը։ Լևոն Հայրապետյանի գործունեության մեջ այս գաղափարն արտահայտվեց կոնկրետ նախաձեռնություններով։ Նրա ուշադրության կենտրոնում Արցախն էր՝ իր բնակավայրերով, մարդկանցով, ընտանիքներով և ապագայի հանդեպ ունեցած հույսերով։
Նրա բարերարական գործունեության կարևոր ուղղություններից մեկը հայրենի բնակավայրերի զարգացումն էր։ Վանք գյուղում իրականացված շինարարական աշխատանքները, տարբեր նշանակության կառույցների ստեղծումը և ճանապարհների բարեկարգմանն ուղղված նախաձեռնությունները վկայում էին հայրենի հողը զարգացնելու ձգտման մասին։ Այս ծրագրերի նշանակությունը միայն կառուցված շինություններով չէր սահմանափակվում․ դրանք նաև համայնքային կյանքի աշխուժացման և նոր հնարավորությունների ձևավորման նպատակ էին հետապնդում։
Լևոն Հայրապետյանի անունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև հայկական ընտանիքի և ազգային ավանդույթների արժևորման հետ կապված նախաձեռնությունների շնորհիվ։
2008 թվականին Արցախում նրա հովանավորությամբ իրականացված 700 զույգերի մեծ հարսանիքը դարձավ այդ մոտեցման խորհրդանշական արտահայտությունը։ Հարյուրավոր ընտանիքների միավորումը ոչ միայն ուրախության առիթ էր, այլև ընդգծում էր ընտանիքի կարևորությունը հայ ժողովրդի շարունակականության, ազգային ինքնության և հասարակական կյանքի մեջ։
Այդ նախաձեռնության խորհուրդը դուրս էր գալիս մեկ օրվա տոնակատարության շրջանակներից։ Այն ուշադրություն էր հրավիրում ընտանիք կազմելու, հայրենի հողի վրա ապագա կառուցելու և ազգային ավանդույթները պահպանելու արժեքների վրա։ Այս առումով Լևոն Հայրապետյանի նախաձեռնությունը հիշվեց որպես իրադարձություն, որը միավորեց մարդկանց և դարձավ Արցախի հասարակական կյանքում նշանակալի դրվագ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Խմբ․ Ալիևը Լևոն Հայրապետյանին նույնիսկ մահից հետո է համարում վտանգավոր։
“Վերջին անջատողական առաջնորդին՝ ռուս արքունիքի անդամ Ռուբեն Վարդանյանին հանցավոր «արցախյան նախագիծը» ընդունելու համոզել է Լևոն Հայրապետյանը, ով առաջինը Վարդանյանին բերեց Ղարաբաց։ Հայրապետյան, ով նույնիսկ Ռուսաստանում ի վերջո բանտարկվեց խարդախության համար։ Այլ մաֆիոզների նման, նա խարդախությունից, կողոպուտից և սպանությունից ստացված եկամտի մի մասն օգտագործել է օկուպացված տարածքներում «եկեղեցիներ կառուցելու» և նույնիսկ «կահույքի գործարան» կառուցելու համար։ Հայկական եկեղեցին ակնածանքով ընդունել է նման գումարը, և օկուպացված տարածքում նրա արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը գովաբանել է ավազակին. «Նա օգնության ձեռք մեկնեց Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին», գրում են Բաքվի ԶԼՄ-ները։