
Մարտի 13–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը, խոսելով արցախցիների խնդիրներից, ասաց, որ այս պահին գլխավոր խնդիրը նրանց Հայաստանում տնավորելն է. «Ինչ վերաբերում է նրանց Արցախ վերադարձին, եկեք իրար հետ ազնիվ լինենք. Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու, որ արցախցիներն անվտանգ այնտեղ ապրեն։ Երբ ունենանք այդ ապահովությունը, որ մեր հայրենակիցները ապահով են լինելու, այդ ժամանակ պետք է վերադարձի հարցը դնենք։ Առաջնահերթություն լինելու է բայց այս պարագայում ես ուզում եմ ազնիվ լինեմ մեր հանրության հետ։
Ադրբեջանի այս ղեկավարը 10 հայի հետ յոլա չգնաց այնտեղ, ո՞նց եք պատկերացնում, մեր մյուս հայրենակիցները ինչպես են ապրելու։ Երբ լինի այդ երաշխավորությունը, որ մարդիկ անվտանգ կլինեն, այդ ժամանակ հարցը կբարձրացնենք։ Դրա համար պետք է աշխատել, միջազգային աշխատանք, նաև հարաբերությունների կարգավորման շրջանակներում աշխատանք, որպեսզի կարողանան մեր հայրենակիցները իրենց հայրենիք անվտանգ վերադառնալ։ Բայց դա մեծ հարց է, պետք է մենք շատ լուրջ վերաբերվենք»։