
Դոնալդ Թրամփը կոչ է անում դաշնակիցներին միանալ ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի դեմ պատերազմին, սակայն մինչ այժմ միայն մերժումներ է ստաnում: Երկրները նախընտրում են բանակցել Իրանի հետ Հորմուզի նեղուցով անցնելու վերաբերյալ: Ի պատասխան՝ Թրամփը մտադիր է օկուպացնել Խարգ կղզին՝ չնայած հսկայական աղետի սպառնալիքին, այդ թվում՝ բնապահպանական։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց՝ առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար: Նա այս մասին գրել է իր սոցիալական ցանցում՝ Truth Social-ում։
«Մենք շատ բարի ենք եղել: Մենք պարտավոր չէինք օգնել նրանց (ՆԱՏՕ-ական Եվրոպային) Ուկրաինայի հարցում: Ուկրաինան հազարավոր մղոններ հեռու է… Բայց մենք օգնեցինք նրանց: Հիմա կտեսնենք՝ նրանք կօգնեն մեզ, թե ոչ: Որովհետև ես վաղուց եմ ասում, որ մենք կլինենք նրանց կողքին, բայց նրանք չեն լինի մեր կողքին: Ես վստահ չեմ, որ նրանք կլինեն այնտեղ», – ասել է Թրամփը: Դաշնակիցները պետք է ուղարկեն ականազերծող նավակներ, որոնցից Եվրոպան շատ ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ն, հավելել է Թրամփը։
Թրամփը նաև ասել է, որ կարող է հետաձգել մարտի վերջին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, եթե Պեկինը նույնպես չօգնի նեղուցով անարգել նավագնացության ապահովմանը։
Մինչդեռ, չինական նավերը ազատորեն անցնում են Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան խոսնակը CNN-ին հայտնել է, որ Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա չի մանրամասնել, թե արդյոք Պեկինը կընդունի Թրամփի առաջարկը։
Արաբական պետությունները պետք է միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է C14 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Այնուամենայնիվ, արաբական երկրները դեռևս գերադասում են բանակցել Իրանի հետ։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Financial Times-ին ասել է, որ անձամբ բանակցություններ է վարել Իրանի հետ Հորմուզի նեղուցով հեղուկացված նավթային գազ (LPG) տեղափոխող երկու հնդկական տանկերների անցնելու վերաբերյալ։ Նավերի Իրանի կողմից փակված նեղուցով անցնելու մասին հայտարարվել է մարտի 14-ին։
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Քեյր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի վերաբերյալ. «Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը՝ համաշխարհային նավագնացության խափանումները վերացնելու համար, որոնք ամբողջ աշխարհում բարձրացնում են ծախսերը: Վարչապետը ցավակցություն է հայտնել հակամարտության ընթացքում ամերիկացի զինծառայողների մահվան կապակցությամբ: Նրանք համաձայնել են կապի մեջ մնալ»:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է տարբեր երկրների հետ քննարկել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման հարցը՝ ռազմավարական կարևորության նավագնացության ուղի, որը արևմուտքում Պարսից ծոցը կապում է Օմանի ծոցի և արևելքում Արաբական ծովի հետ:
Արաղչին նշել է, որ Իրանին արդեն դիմել են «մի քանի երկրներ», որոնք հետաքրքրված են Հորմուզի նեղուցով անվտանգ անցում ապահովելու հարցում: