Նախարար․ նոր սահմանադրության տեքստում ներածությունը չկա

  • 13:02 18.03.2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Անկախության հռչակագրին հղումը հանե՞լ են նոր Սահմանադրության տեքստից։

«Խորհրդում դեռ չենք քննարկել, ուրեմն, ձեր հարցին ուղիղ պատասխանել չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք կառաջարկենք խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ հետ կկիսվենք։ Այս պահին ներկայացված տեքստում  ներածությունը չի եղել առհասարակ։ Իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է»,- ասաց նախարարը։ Հարցին, թե ինչո՞ւ չկա ներածությունը, նա պատասխանեց․ «Որովհետեւ դեռ չենք ամբողջացրել»։

Գալյանն ասաց՝ հիմա ՔՊ վարչությունում են քննարկումներ եւ ՔՊ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։

«Մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները կարող էի հասկանալ, եթե, օրինակ, հանրաքվեի ժամկետ լիներ, մենք ասած լինեինք՝ այսինչ օրն անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնեինք տեքստի հրապարակումը։ Բայց հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին։ Մենք հանրությանը կտանք բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ՝ տեքստին ծանոթ լինելով՝ կատարել ճիշտ ընտրություն»,- հավելեց նա։

Անդրադառնալով Անկախության հռչակագրի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Սրբուհի Գալյանն ասաց․ «Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը, վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը եւ նաեւ առաջնորդը։ Եվ ուրեմն, կարող եք եզրահանգել, որ այն, ինչ ասվում է վարչապետի կողմից, մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն։ Մենք բոլորս իրականացնում ենք մեկ քաղաքականություն եւ սպասարկում ենք քաղաքական ուղղություն։ Խորհուրդն իր կարծիքն է հայտնելու, քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը եւ կառավարությունը։ Եվ, ուրեմն, որոշումների կայացնողը կառավարությունն է, ինչպես կառավարությունը որոշի, այդպես էլ կհրապարակվի։ Մենք հրապարակելու ենք տեքստը, եւ ակնհայտ կլինի՝ ինչ դրույթներ են շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլեւս տեքստում»։

Սրբուհի Գալյանն ասաց, որ կարծում է՝ մինչեւ ընտրություններ Սահմանադրության տեքստը կհրապարակվի։

Լրագրողները հարցին՝ Արցախի մասին խուսափում են խոսել, Ցեղասպանության հա՞րցն էլ են փակում, այդ պատճառո՞վ են Սահմանադրությունից հանում Անկախության հռչակագրին հղումը, նախարարը պատասխանեց․ «Անկախության հռչակագիրը ջնջել հնարավո՞ր է, Անկախության  հռչակագիրը պատմական փաստը հավաստող փաստաթուղթ է»։

Նա միաժամանակ ասաց՝ Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդների տալու առաքելությունը»։

Հարցին՝ իսկ ՀՀ-ն Ադրբեջանի Սահմանադրությունը համարո՞ւմ է կոնֆլիկտածին, Գալյանը պատասխանեց․ «Մենք մեր Սահմանադրությունը կոֆլիկտածին չենք համարել»։

Նա նաեւ հայտարարեց․ «Չպետք է ունենանք իրավական ակտեր, որոնք վտանգում են խաղաղությանը։ Մեր իրավական համակարգը պետք է միտված լինի մեր պետության կայացմանը»։