
«Մենք չենք ուզում ձեզ Հայաստանի Հանրապետությունում պահել պատանդի կարգավիճակում»,- «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ացրախցիներին դիմեց Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է խոստովանենք, որ ինչ-որ իմաստով եւ ինչ-որ տրամաբանությամբ երկար ժամանակ մենք ձեզ Ղարաբաղում ենք պատանդի կարգավիճակում պահել։ Այսինքն՝ ամենաբարդ բանը մարդու համար անորոշությունն է, թե ինչ է լինելու վաղը։ Մենք դեգերումներին պետք է վերջ տանք, մենք պանդխտությանը պետք է վերջ տանք։ Դուք ունեք պետություն, եւ այդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ մեր այսօրվա ամբողջ ռազմավարությունը հիմնվում է դրա վրա, որ դուք տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք իրար հետ մեր էս պետությունը դարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով, ավելի անվտանգ եւ ի վերջո կարողանանք գոյատեւման տրամաբանությունից դուրս գալ դեպի զարգացման եւ բարեկեցության տրամաբանություն, խաղաղության տրամաբանություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ առաջիկայում կկենտրոնանան արցախցիների բարձրացրած հարցերը լուծելու վրա։ Նա նշեց, որ այսօր երկու հիմնական խնդիրներ կան, որոնք պետք է լուծել՝ քաղաքացիության ստացման եւ բնակապահովման խնդիրները։ «34 հազար մարդ, այդ թվում՝ անչափահասներ արդեն քաղաքացիությու ստացել են, ոնց որ թե պրոցեսը գնում է։ Եվ համոզված եղեք, որ մենք այս ուղղությամբ աշխատում ենք եւ կփորձենք մաքսիմալ հավասարակշռված եւ հարմարավետ լուծումներով այս բոլոր հարցերը հասնել մի հանգրվանի»,- նշեց նա։