Արցախի հանձնման մեղավորներին դեռ փնտրում են

  • 10:00 20.03.2026

Երկու ու կես տարի է անցել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված գործողություններից, որոնք ճանաչվել են որպես էթնիկ զտում, և ամբողջ բնիկ հայ բնակչության բռնի տեղահանություն, սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ որևէ մեկը տեղի ունեցածի վերաբերյալ հստակ իրավական գնահատական ​​չի տվել։ Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին «ողբերգության» համար մեղադրեց Արցախի ղեկավարությանը (որը, ի դեպ, գտնվում է Բաքվի բանտում)։ Մինչդեռ, ԱՄՆ հետախուզական հաղորդագրությունները խոստովնում են, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով է վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողությունը։   

«Ոչ մի կառավարություն այնքան շատ բան չի արել Ղարաբաղի համար, որքան մեր կառավարությունը», ասել է երեկ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև մեղադրեց օկուպացիայից անմիջապես առաջ Լեռնային Ղարաբաղում իշխանության եկած ուժերին ողբերգության պատճառ դառնալու մեջ։ «Հիմա նույն այդ ուժերը ցանկանում են նույնը անել Հայաստանի հետ», – հայտարարեց Փաշինյանը, հող նախապատրաստելով Հայաստանը կորցնելու դեպքում ուրիշներին մեղադրելու համար։

ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում հատուկ տեղ է հատկացված Հայաստանին։ Եվ այնտեղ տրված է ԱՄՆ գնահատականը։

«2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերականգնեց վերահսկողությունը իր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչության վերահսկողության ներքո։

ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն ստեղծեց, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստեց տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար։

Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, ըստ երևույթին, պատրաստակամ են եղել պահպանելու Խաղաղության գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։

Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքն երաշխավորված չէ»։

Ըստ ԱՄՆ-ի, Հայաստանի Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է ճանաչում։