
Հորմուզի նեղուցը «շատ շուտով» կբացվի, եթե Միացյալ Նահանգները կարողանա համաձայնության գալ Իրանի հետ բանակցությունների միջոցով, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հանրապետականի խոսքով՝ նեղուցը «կլինի համատեղ վերահսկողության տակ, և հնարավոր է՝ իմ և այաթոլլահի վերահսկողության տակ»։ Թրամփը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ով կվերահսկի ծովային ճանապարհը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության մեջբերած աղբյուրը պնդել է, որ Թրամփի՝ բանակցությունների մասին խոսքերը «հոգեբանական պատերազմի» մի տեսակ են, որի շրջանակներում «Հորմուզի նեղուցը չի վերադառնա իր նախապատերազմյան վիճակին»։ Նա պնդել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն եղել։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ մարտի 22-ին, և կշարունակվեն այսօր՝ երկուշաբթի՝ մարտի 23-ին, հեռախոսազրույցի ժամանակ, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հավանաբար այսօր հեռախոսով կխոսենք, քանի որ [իրանցի բանակցողների] համար, կարծում եմ, շատ դժվար է արտասահման մեկնել։ Բայց մենք շատ, շատ շուտով կհանդիպենք։ Մենք համաձայնեցինք հնգօրյա [ԱՄՆ-ի կողմից Իրանի էներգետիկ ոլորտին հարվածների դադարեցման]։ Կտեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները։ Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ի վերջո կլուծենք այս հարցը։ Հակառակ դեպքում, մենք պարզապես կշարունակենք ռմբակոծել [Իրանը]», – ասաց հանրապետականը։
Հանրապետականի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները «շատ ուժեղ» էին, կողմերը հասան «համաձայնության հիմնական կետերի»։ Թրամփը նշեց, որ մասնակցել են իր հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները։ «Նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել», – վստահեցրեց նախագահը՝ նկատի ունենալով իրանական կողմին։
Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը միջնորդում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում։
Նրանց խոսքով՝ վերջին երկու օրերի ընթացքում այս երկրների արտաքին գործերի նախարարները առանձին բանակցություններ են վարել Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Ավելի ուշ, Ֆլորիդայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի «առաջատար անձի» հետ, բայց ոչ թե գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի։
Իսրայելը կարծում է, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆն է գլխավորում բանակցությունները ԱՄՆ-ի հետ։
Իսրայելի բանակը երկուշաբթի օրը հայտարարեց, որ շարունակում է Թեհրանի վրա հարվածները։