
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հիմնովին քանդեց որոշ ընդդիմադիր ուժերի առաջ տարվող ամուլ թեզն այն մասին, որ հիմա գլխավոր հարցը՝ արցախցիների վերադարձն է։ Ռոբերտ Քոչարյանը երեկ նույնիսկ ասել է, որ պետք է սկսեն վերադարձի իրավունքի միջազգային ճանաչումից։
Մենք անկեղծ չգիտենք, թե ում պայծառ մտքով է անցել քննադատության չդիմացող այս թեզը ներկայացնել որպես առաջնահերթություն և 2,5 տարի խլացնել և գրեթե մեռցնել դրանով Արցախի շուրջ քննարկումները և հնարավոր լուծումները։ Չգիենք, թե ով է որոշել պնդել այդ ի սկզբանե ճանաչված իրավունքը, այլ ոչ թե արցախցիների քաղաքացիության հարցը, գույքային իրավունքները, տեղահանվածի կարգավիճակը, արցախցիների իրավունքը իրենց պատմական հողի նկատմամբ (հրեաները հիմա նույնիսկ բիբլիական իրավունքի մասին են խոսում)։
Չէ, ընտրվել է երկու “անշառ” թեզ, որոնք, ըստ պայծառ մտքի, պետք է թույլ տան, որ գայլերը կուշտ լինեն և ոչխարները ողջ։ Խոսքը “վերադարձի իրավունքի” և “էթնիկ զտումների” ճանաչելու մասին է, ընդ որում, միջազգային իրավունքի մեջ երկուսի խախտումն էլ իրավական հետևանք չի ենթադրում։
Բայց հսկայական լոբիստական ուժեր, միջոցներ, հարյուրավոր նվիրյալներ լծվել են այս թեզերի առաջխաղացմանը, ակամա տորպեդավորելով հնարավոր բոլոր առարկայական բանակցությունները, այդ թվում, ուժի կիրառմամբ “համաձայնագրերի” և այլ անօրինական որոշումների վերաբանակցելը։ Արդյունքում արցախյան թեման գրեթե անհետացել է միջազգային օրակարգից։
Հիմա ընդդիմության դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում իշխող կուսակցության կարծիքից։ Միակ “տարբերությունը”՝ “վերադարձի իրավունքն” է, որը իշխանությունը հեշտությամբ օգտագործում է ոչ միայն ընդդիմության, այլև այդ թեզին անկեղծ հավատացած արցախցիների դեմ։
Երբ խոսում են վերադարձի իրավունքի մասին, ես ասում եմ՝ խնդրում եմ, ինձ կասե՞ք դետալիզացված, այդ վերադարձը ոնց է իրականացվելու, ի՞նչ պայմաններով։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ենթադրենք, այնտեղ դռները բացում են, ասում են՝ եկեք, այստեղ էլ այն մարդիկ, որոնք ուզում են գնան, գնում են, խնդրում եմ ինձ նկարագրեք պայմանների, եթե չասեմ ամբողջությունը, գոնե մասնակիորեն, արդյո՞ք դա նշանակում է գնում եք և լինում եք անկախ պետություն, թե՞ լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա։ Թե՞ օրինակ ոստիկանությունում այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե՞ ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը և այս կարգի տասնյակներով հարցեր։ Որովհետև այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ կարող են տեսնել այդ մարդկանց անկեղծությունը, և անցյալի մասով, երբ որ իրենք մաքսիմալն էին պահանջում, և երբ մենք ասում էինք նշաձողը իջեցնենք, լուծումներ կգտնվեն, մեզ դատափետում էին ազգային բաներին դավաճանելու համար։
Հիմա տեսնենք կարո՞ղ է պարզվի այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ավելի ցածր է այն նշաձողից, որի մասին մենք էինք այդ օրերին խոսում։ Ես վախենամ հենց այդպես էլ պարզվի, դրա համար այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում, թե վերադարձ ասելով ինչ նկատի ունեն։ Խնդրում եմ, էդ մարդկանց տեսնելուց, մի հատ իմ կողմից հարց տվեք, ասեք Արարատ Միրզոյանը ձեզ հարց է տալիս, ինչպե՞ս եք պատկերացնում վերադարձը»,–ասաց ԱԳ նախարարը։
Կարելի է, իհարկե, վիճաբանել նախարարի հետ այս իրավիճակին հասցրած կառավարության քայլերի մասին, սակայն “վերադարձի իրավունքի” մասին նրա ասածը բացաձարկ ճշմարտություն է։
Ի վերջո, հրաժարվեք այդ իմպոտենտ թեզից՝ կամ ասեք՝ Արցախի վերադարձ, կամ գոնե պահանջեք արցախցինրի՝ որպես ՀՀ քաղաքացիների բոլոր իրավունքների պաշտպանություն։