
Իրանը չի բանակցում Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ «Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով անանուն պաշտոնյաների, պնդել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին 15 կետանոց ծրագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքի հակամարտությունից դուրս գալու համար՝ ԱՄՆ տնտեսության վրա նրա ազդեցության աճի ֆոնին։
Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը «աղետալի» է եղել Իրանի համար։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են Բուշերին, որտեղ գտնվում է ատոմակայանը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը։
Կազմակերպության տվյալներով՝ արկը մարտի 24-ի երեկոյան ընկել է ատոմակայանի տարածքում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը որևէ նյութական վնաս կամ մարդկային կորուստ չի պատճառել, և ատոմակայանը չի վնասվել։
Իր հերթին, Իրանը գիշերը մի քանի ալիք հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։