
Step1.am-ի հարցերին պատասխանել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
-Պարոն Մամիջանյան, վերջերս հանդիպել էիք Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Այդ հանդիպման ընթացքում դուք բարձրացրել էիք նաեւ ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովման հարցը։ Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է ապահովվի արցախցիների ընտրական իրավունքի իրացումը, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
-Նախ, որպես նախապատմություն՝ պետք է ասել, որ արցախցիները միշտ աչքի են ընկել իրենց պետականության, պետական ինստիտուտների եւ այդ թվում՝ նաեւ ընտրությունների նկատմամբ պատվախնդիր ու հպարտ վերաբերմունքով։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով, թե ինչ տեմպով են Արցախից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայրները ստանում ՀՀ քաղաքացիություն եւ ինչպիսի հերթեր կան, ակնհայտ է դառնում, որ բոլոր ցանկացողները չէ, որ կհասցնեն մինչեւ ընտրությունները ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Ուստի, պետությունը պարտավոր է գտնել լուծումներ՝ արցախցիների հիմնարար իրավունքի իրացման հնարավորությունն ապահովելու համար։
Վերջերս աչքովս ընկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնյաներից մեկի հարցազրույցը, որտեղ նա, ինձ համար անհասկանալի համեմատություններ անելով, կարծես թե պնդում էր, որ արցախիցները, որոնք այս կամ այն պատճառով չեն հասցնի ստանալ ՀՀ քաղաքացիություն, չեն կարող մասնակցել ընտրություններին։ Ուստի, բոլոր միջազգային եւ տեղական հանդիպումների ժամանակ մենք բարձրաձայնում ենք այդ հարցը, պետությունը պարտավոր է լուծում գտնել դրան։ Դա կլինի 2021 թվականի օրինակը՝ դատական ճանապարհով ընտրական իրավունքի վերականգնումը, թե այլ լուծում, պետք է գտնել այդ լուծումը։ Այն, որ Արցախից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայրները պիտի հնարավորություն ունենան իրացնելու իրենց ընտրելու իրավունքը, դրանում, կարծում եմ, երկրորդ կարծիք լինել չի կարող։
-Արցախցիները պնդում են, որ իրենք ՀՀ քաղաքացի են, ինչո՞ւ են իրենց ստիպում փոխել 070 կոդով անձնագրերը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս քաղաքականությունը։
-Իշխանություններն իրենց վատ կազմակերպումը կամ միգուցե նպատակաուղղվածությունը փորձում են քողարկել գոյություն չունեցող թեզով, թե իբր ընդդիմության ներկայացուցիչները երբեւէ կոչ են արել արցախցի մեր քույրերին եւ եղբայրներին չդիմել ՀՀ քաղաքացիության համար։ Համենայնդեպս ՀՀԿ-ական որեւէ գործիչ այդպիսի կոչ երբեւէ չի արել։ Երկրորդ, ես հասկանում եմ արցախցիների վրդովումունքը, լսել եմ իշխանությունների բերած պատճառաբանությունը, որը հիմնավոր չէ։ Կուզենայի, որ նմանօրինակ քայլերը ոչ մի պարագայում հիասթափություն ու զայրույթ չառաջացնեն արցախցիների մոտ։ Ես հասկանում եմ իրենց պահանջը՝ կապված 070 կոդով անձանգրերի հետ։ Իշխանությունների հրապարակային ձեւակերպումը, թե ինչ պատճառով են այդ գործընթացն իրականացնում, ինձ առանձնապես չի գոհացրել։ Ես չեմ կարող բացատրել իշխանությունների արարքը, բայց եւս մեկ անգամ, շատ եմ խնդրում արցախցիներին՝ չսրտնեղել դրանից։ Հայաստանի այսօրվա կառավարիչներն ատում են ամեն հայկականը։ Այս կառավարիչների գործողություններն ի սկզբանե՝ 2018 թվականից սկսած հակաղարաբաղյան էին, ուստի, զարմանալու ոչինչ չկա։