
DW
Իրանի ՀՕՊ-ը Հորմուզի նեղուցի մոտ որսացել է ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռ, հայտարարել է Իրանի զինված ուժերը ուրբաթ՝ ապրիլի 3-ի երեկոյան։ «ԱՄՆ A-10-ը խփվել է բանակի ՀՕՊ համակարգերի կողմից և ընկել Պարսից ծոցի ջրերը», – բանակի հաղորդագրությունը մեջբերել է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռը կործանվել է Պարսից ծոցում։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը կործանվել է Հորմուզի նեղուցի մոտ, իսկ օդաչուն փրկվել է։ Վթարի պատճառը չի հաղորդվել։
Այս գրոհային ինքնաթիռը, հավանաբար, վերջին 24 ժամվա ընթացքում Մերձավոր Արևելքում կորած ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկրորդ մարտական ինքնաթիռն է։ Ուրբաթ օրը ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են ամերիկյան կործանիչ։ Սկզբում իրանական կողմը հայտնել էր, որ խոցվել է F-35 կործանիչ, սակայն փորձագետները, ուսումնասիրելով ինքնաթիռի բեկորների հրապարակված լուսանկարները, պարզել են, որ դա F-15E է։
ԱՄՆ վարչակազմը հաստատել է կործանիչի կորուստը։ Երկու կողմերն էլ որոնում են օդաչուներին։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ անձնակազմի երկու անդամներից մեկը փրկվել է, սակայն երկրորդ օդաչուի ճակատագիրը մնում է անհայտ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, NBC News-ին հեռախոսով մեկնաբանելով կործանիչների կորուստը, ասել է, որ դա չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա։ «Ոչ, ամենևին էլ։ Սա պատերազմ է», – ասել է նա։
Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի, եթե խոցված F-15E-ի անձնակազմի երկրորդ անդամը գերի վերցվի կամ վիրավորվի։ «Դե, ես չեմ կարող մեկնաբանել դա, քանի որ մենք կարծում ենք, որ դա տեղի չի ունենա», – ասել է Թրամփը։