
Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի պատվիրակներն ընդունել են կուսակցության 18-րդ համագումարի բանաձևը։ Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքին հետևող կուսակցությունը որոշեց չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և հայտարարեց, որ Հայաստանում ազգային ուժերը չեն կարողացել համախմբվել։
ՀՀԿ բանաձևը պարունակում է կոշտ քաղաքական գնահատականներ։
Համոզվածությամբ հայտարարում ենք, որ 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմը պատահականություն չէր, այլ ՀՀ գործող կառավարիչների՝ հակապետական և արկածախնդիր կառավարման, արտաքին վտանգների և սպառնալիքների թերագնահատման, «խաղաղություն ամեն գնով» կեղծ օրակարգի առաջմղման, բանակցային դիրքերի հետևողական թուլացման ու պետական բարձր մակարդակով անպատասխանատու քաղաքականություն վարելու անխուսափելի հետևանք:
Փաստում ենք, որ ՀՀ իշխանությունը բռնազավթածների «խաղաղության դարաշրջանի» քաղաքական դոկտրինը ոչ միայն չապահովեց անվտանգություն և կայունություն, այլև հանգեցրեց Արցախի շրջափակմանը, հումանիտար աղետին, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիային, արցախահայության՝ իր բնօրրանից էթնիկ զտմանը և բռնագաղթին:
Մերժում ենք ՀՀ կառավարիչների և նրանց արտաքին պատվիրատուների այն կեղծ թեզը, թե Արցախի հարցը փակված է, և պահանջում ենք ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրել արցախահայության արժանապատիվ և միջազգային երաշխիքներով անվտանգ վերադարձի իրավունքը, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորածների խնդրով հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝ գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցների շուտափույթ ազատ արձակման ու Հայրենիք վերադարձի հարցերը՝ որպես համազգային և միջազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչ:
Ամրագրում ենք, որ ՀՀ գործող կառավարիչների քաղաքականությունն ուղեկցվել է Սահմանադրության, իրավական և բարոյական նորմերի կոպտագույն խախտումներով, պետական շահի ստորադասմամբ և ազգային արժեքների հետևողական նահանջով:
Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում և քաղաքական համախմբում՝ ընդդեմ ազգադավ, պետականաքանդ կառավարիչների, և այդ բացթողումը ենթակա է ազնիվ գնահատման ու հետևությունների:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում «ազգային» բառը հիշատակվում է երեք անգամ՝ Ազգային ժողով, ազգային չափորոշիչներ և ազգային մարզադաշտ։