
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ քննարկել են Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
Մակրոնը նշել է, որ զրույցի ընթացքում կողմերը կոչ են արել հարգել և պահպանել Լիբանանում հրադադարը, ապահովել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը և ընդգծել են երկարատև դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Ուկրաինային՝ նա նշել է, որ քննարկվել են «Կամավորների կոալիցիայի» շրջանակում իրականացվող համատեղ ջանքերը՝ արդար և կայուն խաղաղության հասնելու նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան և Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքներով։
Մակրոնը նաև նշել է, որ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը նպատակ ունի նպաստել բաց սահմաններին և Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Նա հավելել է, որ կողմերը կարևորել են երկխոսության և երկկողմ համագործակցության հետագա խորացումը։