
Մենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ ենք մտնում, ու դա կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ, և մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որն էական է նրանով, որ այն Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերել շրջափակման վիճակից: Այդ մասին Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքական հստակ հանձնառությունն այն է, որ նաև հնարավոր է երկաթուղով արտահանում իրականացնել, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչև մենք Ադրբեջանի հետ TRIPP նախագծի շրջանակներում առաջին հերթին երկաթուղին կբացենք, և սա շատ կարևոր է»,- ասաց նա:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ չի լինի, գոնե մինչև TRIPP-ի ավարտը: Քանի որ TRIPP-ը դեռ շատ հեռու է, և դրա հեռանկարները անորոշ են, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը երկաթուղով կապված կմնա միայն Վրաստանի հետ։ Ապաշրջափակում չի լինի։
Փաշինյանը նախկինում նշել էր, որ Բաքուն փաստացի հրաժարվում է օգտվել Հայաստանի ճանապարհներից և պնդում է Թուրքիայի հետ ուղիղ և անարգել կապ՝ Մեղրիի (TRIPP) և Նախիջևանի միջոցով: Ռուսաստանը, իր հերթին, այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի երկաթուղին մինչև Թուրքիայի և Նախիջևանի ներկայիս սահմանը երկարաձգելու հարցում: