
Նյու Յորքի ոստիկանությունը երեկ ձերբակալել է մոտ 100 ցուցարարի, երբ ավելի քան 300 հակապատերազմական ցուցարարներ ակցիա են կազմակերպել ԱՄՆ սենատորներ Չակ Շումերի և Քիրստեն Ջիլիբրանդի Մանհեթենում գտնվող գրասենյակների դիմաց՝ կոչ անելով նրանց աջակցել Սենատի կողմից Իսրայելին լրացուցիչ զենքի վաճառքը կասեցնելու սպասվող քվեարկությանը։
Հակաիսրայելական տրամադրությունները աճ են գրանցում ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, չնայած նրան, որ ոչ մի երկիր դեռևս կոնկրետ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զսպելու համար։ Հրեական պետությունը, որը կասեցրել է Իրանի վրա հարվածները, շարունակում է հարձակվել և օկուպացնել Լիբանանի որոշ հատվածներ՝ բացահայտորեն հայտարարելով իր տարածքը Լիբանանի և Սիրիայի հաշվին ընդլայնելու նկրտումների մասին։
Հակաիսրայելական տրամադրությունները աճում են նաև Թուրքիայում։
Անատոլիական գործակալության հաղորդմամբ՝ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը իրեն «ամեն օր» զեկուցում է բանակցությունների մասին։ «Թրամփի վարչակազմը ամեն օր զեկուցում է Նեթանյահուին, բայց ոչ Կոնգրեսին կամ ամերիկյան ժողովրդին», – գործակալությունը մեջբերում է դեմոկրատ Մարկ Պոկանի խոսքերը։ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է ներխուժել նաև Սիրիա (որն հիմա Թուրքիայի պրոտեկտորատն է)։
Այսօր Վաշինգտոնում սկսվում են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները, որոնց կմասնակցի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ Իսրայելի կողմից Արևմտյան ափի անեքսիան անընդունելի է։
«Ես խորապես մտահոգված եմ պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող զարգացումներով։ Վարչապետ Նեթանյահուի հետ իմ հեռախոսազրույցում ես հստակեցրել եմ. Արևմտյան ափի փաստացի անեքսիա չպետք է լինի», – գրել է Գերմանիայի կանցլերը սոցիալական ցանցերում։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուն, ելույթ ունենալով իսրայելական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ «Եվրոպան կորցնում է իր ինքնության նկատմամբ վերահսկողությունը՝ տառապելով խորը բարոյական թուլությունից»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածները սխալ է անվանել և կոչ է արել Թել Ավիվին անհապաղ դադարեցնել ռմբակոծությունները։
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ «Դիվանագիտությունը ճիշտ ուղին է, և ես ողջունում եմ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները», – նշել է նա։
Սթարմերը նաև ընդգծել է, որ արմատական «Հեզբոլլահ» խմբավորումը պետք է զինաթափվի։ «Իսրայելի հարվածները սխալ են։ Դրանք ունեն ավերիչ մարդասիրական հետևանքներ և Լիբանանը տանում են ճգնաժամի», – ասել է վարչապետը։
Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ հարավային Լիբանանում կանադացի քաղաքացի է սպանվել, և կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարձակումները։
Սկանդալ է բռնկվել նաև ավանդաբար իսրայելամետ Ուկրաինայում. Իսրայելը ընդունել է Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներից հացահատիկ տեղափոխող ABINSK նավը։ Երթուղին և բեռնման կետերը գրանցվել են մոնիթորինգի համակարգով։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից դեռևս արձագանք չի եղել։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկուշաբթի օրը հայտարարել են, որ չեն մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստները շրջափակելու ծրագրին՝ առաջարկելով միջամտել միայն մարտական գործողությունների ավարտից հետո։
Չինական ԶԼՄ-երը հաղորդում են Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի տնօրեն Վան Յիի խոսքերը. «Հորմուզի նեղուցի շրջափակումը չի ծառայում միջազգային հանրության շահերին, և քաղաքական և դիվանագիտական միջոցներով համապարփակ և երկարատև հրադադարի հասնելը հիմնարար լուծումն է»։ Նա այս հայտարարությունն արել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի Չինաստանի հարցերով հատուկ դեսպանորդ Խալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ հանդիպման ժամանակ, որը ուղեկցում է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ Ալ Նահյանին Չինաստան կատարած այցի ժամանակ։
Չինաստանը կոչ է արել «պահպանել միջազգային իրավունքի հեղինակությունը և կանխել աշխարհի վերադարձը ջունգլիների օրենքին»։