
Թեհրանը հայտարարեց Հորմուզի նեղուցը բացելու որոշման մասին, որը գրեթե ամբողջությամբ շրջափակված էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելուց ի վեր։ ԱՄՆ նախագահն արդեն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին։ Սակայն Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը կմնա լիովին ուժի մեջ մինչև Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։
«Լիբանանում հրադադարի համաձայնագրի համաձայն՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց՝ հրադադարի մնացած ժամանակահատվածի համար», – սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա հավելել է, որ նավերը կարող են շարունակել «համաձայնեցված երթուղով»։
Հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Թեհրանը չի հայտարարել նեղուցի ապաշրջափակման մասին՝ պահանջելով, որ հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա, մինչդեռ Իսրայելը շարունակում է հարվածել «Հեզբոլլահին»։
Հորմուզի նեղուցի բացման մասին լուրից հետո ԱՄՆ նախագահը մեկ այլ թվիթ է գրել՝ նշելով, որ «Իսրայելը այլևս չի ռմբակոծի Լիբանանը»։ «ԱՄՆ-ն արգելում է նրանց դա անել։ Բավական է!!!», – հայտարարել է Թրամփը։
Չնայած Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Լիբանանի միջև հայտարարված հրադադարին, որը ուժի մեջ մտավ ուրբաթ կեսգիշերին, վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակը քիչ է փոխվել։ Նախորդ երեկոյան Իսրայելը կրկին հարված հասցվեց «Հեզբոլլահ»-ին։
Մինչդեռ նավթի գները 11%-ով նվազեցին Օրմուզի բացման մասին լուրից հետո։
Նեղուցը բացելը հիմնական պահանջներից մեկն էր ապրիլի 11-12-ին Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակ։ Երկրորդ փուլը, ինչպես սպասվում է, կրկին տեղի կունենա Իսլամաբադում։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «Ռոյթերս»-ին ասել է, որ նեղուցի գործարքի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվները ապասառեցնելու վերաբերյալ՝ առանց ժամկետ նշելու։
Թրամփն ասաց, որ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինեն հետագա բանակցություններ, և դրանք «հավանաբար տեղի կունենան այս շաբաթավերջին»։ Նա հավելեց, որ «կարող է» մեկնել Իսլամաբադ գործարքի կնքումից հետո. «Ես դեռ այդ որոշումը չեմ կայացրել»։
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ Մակրոնը և Սթարմերը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեցին Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու առաքելության ստեղծման մասին։ Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է մասնակցել առաքելությանը։