Փաշինյանը պարզ բացատրեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը

  • 19:32 21.04.2026

Նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ՝ ասելով, որ նոր Սահմանադրությունը չպե՛տք է հղում պարունակի Անկախության հռչակագրին։ Իսկ ի՞նչ հիմնավորում ունի դա։ Երեկ էլ ես խոսեցի և վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այդ Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը: Եթե շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ: Եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ», – հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է ընդունել Արևմտյան Հայաստանի, ծովից ծով Հայաստանի մասին խոսույթը:

Ըստ նրա՝ հարցի նրբությունն այն է, որ Ղարաբաղի մասին չխոսելը գործնականում նշանակում է բացառել «Արևմտյան Ադրբեջանի», «Արևելյան Թուրքիայի» և նմանատիպ այլ խոսույթների շուրջ քննարկումները։

Սակայն, չնայած դրան, Բաքուն ոչ միայն ոչնչացնում է Արցախում մնացած ամեն հայկականն, այլև չի թաքցնում իր հավակնությունները Հայաստանի սահմանադրական տարածքի նկատմամբ։ Այս հավակնությունները համընկնում են Ռուսաստանի փորձերի հետ՝ «փակել» Կարսի պայմանագիրը և վերադառնալ Թուրքմենչայի պայմանագրին, որի համաձայն «Նախիջևանի և Էրիվանի խանությունները» Պարսկաստանից անցան Ռուսաստանին։ Ռուսաստանն Արցախն ու Նախիջևանը «նվիրեց» Ադրբեջանին, իսկ այժմ մտադիր է նվիրել «Էրիվանը»։ Դա կլինի ՀՀ նոր Սահմանադրությամբ։