
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելու Իրանի առաջարկից, քանի որ այն չի անդրադառնում Թեհրանի միջուկային ծրագրին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
«Նրան դուր չի գալիս առաջարկը», – ասել է պաշտոնյան։
CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի պլանը։ CNN-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ առանց Իրանի ուրանի հարստացման և պաշարների հետ կապված հարցերը լուծելու, կարող է զրկել ԱՄՆ-ին բանակցություններում հիմնական լծակներից։ Մյուս կողմից, Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գները, որոնք արդեն բերել են գազի գների կտրուկ աճի ԱՄՆ-ում, հավելել են նրանք։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը նախկինում քննարկել է իրանական նախաձեռնությունը իր ազգային անվտանգության ավագ խորհրդականների հետ։ Թեհրանը առաջարկել է դադարեցնել պատերազմը Միացյալ Նահանգների հետ և Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումները՝ պայմանով, որ Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը վերացվի, և միջուկային բանակցությունները հետաձգվեն։