
Ուրբաթ օրը իրանական պետական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Իրանը, Պակիստանի միջնորդությամբ, Միացյալ Նահանգներին է ներկայացրել նոր բանակցային առաջարկ։ Դրա բովանդակությունը չի հրապարակվել։
«Հինգշաբթի երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետությունը իր վերջին բանակցային առաջարկի տեքստը փոխանցեց Պակիստանին, որը միջնորդում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները», – հաղորդել է պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը։
Հստակ չէ, թե ինչ է ներառում նոր առաջարկը, սակայն լուրերից հետո նավթի համաշխարհային գները, որոնք կտրուկ աճել էին այն բանից հետո, երբ Իրանը սկսեց փակել Հորմուզի նեղուցը, անկում ապրեցին, հաղորդում է Reuters-ը։
Սպիտակ տունը հրաժարվել է պատասխանել իրանական առաջարկի վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ չի մեկնաբանում փակ դիվանագիտական բանակցությունները։
Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի, Իրաքի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ քննարկելով Իսլամական Հանրապետության վերջին «նախաձեռնությունները՝ պատերազմը դադարեցնելու համար»։ Այս մասին հաղորդել է BBC-ն։
Հատկանշական է, որ Արաղչին չի զանգահարել իր գործընկերոջը Հայաստանում։