
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը step1․am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ սպասել ընտրություններից հետո, կա՞ դրական սցենար, թե՞ անկախ նրանից՝ որ ուժը կհաղթի, դժվարություններ են սպասվում։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ունենք հնարավորություն այս ընտրություններում ստանալ Հայաստանում ավելի ազատ քաղաքական համակարգ։ «Բայց դրա համար մի շարք արտախորհրդարանական ուժեր պիտի կարողանան երկու անգամ ավելի ձայն հավաքել, քան Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը միասին։ Որքանով է դա հավանական, դա այլ հարց է, բայց տեսականորեն այսօրվա քաղաքական ուժերի շարքում կան այնպիսի ուժեր, որոնք եթե մեծամասնություն կազմեն խորհրդարանում, Հայաստանի քաղաքական համակարգը կլինի ավելի անկաշկանդ ու ազատ։ Որպեսզի հաղթահարեն այն քաղաքական մարտահրավերները, որոնք Հայաստանի առջեւ այսօր կանգնած են, քաղաքական ազատությունը շատ կարեւոր գործոն է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ գլխավոր հարցը, որն անկաշկանդ ներկայացված է նույնիսկ Ռուսաստանի ղեկավարության կողմից, այն է, թե ինչպես կարող է իրականացվել Հայաստանի անցումը Եվրասիական միությունից դեպի Եվրոպական միություն։ «Եվ դա Հայաստանի համար կարեւոր եւ հնարավոր լուրջ լուծում է, որը տարածաշրջանում էական փոփոխություն կարող է բերել՝ ավելի բալանսավորված աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել։ Այսօր Հայաստանը հետխորհրդային տարածքի ամենաանպաշտան պետությունն է։ Եվ քանի դեռ պահպանվում է Ռուսաստանի հետ քաղաքական ու ռազմական դաշինքը, Հայաստանը շատ խոցելի է Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումներին։ Այն գինը, որը Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության դիմաց պահանջում են Հայաստանից, կարող է բերել առհասարակ Հայաստանի տապալման, ինքնության կորստի եւ դեպոպուլյացիայի»,- ասաց նա։
Հետեւաբար, ըստ Անդրիաս Ղուկասյանի, եվրոպական ընտրությունն այս իրավիճակից դուրս գալու ելք է։ Եվրոպական պետությունները դա հասկանում են, եւ դրա համար Հայաստանի համար դեպի ԵՄ դուռը բաց է։ «Ռուսաստանի Դաշնությունը նույնպես այստեղ ունի շահեր, որպեսզի Հայաստանը պահպանի իր համար որպես պատուհան՝ եվրոպական պետությունների հետ առեւտրի համար։ Եվ վերադառնալով ձեր հարցին՝ այո, ավելի ազատ քաղաքական համակարգը կարող է Հայաստանի համար ապահովել այդ անցումն առանց լուրջ ճգնաժամերի՝ թե էներգետիկ ոլորտում, թե ռազմական ու անվտանգության ոլորտներում»,- հավելեց նա։