Պուտինը Թրամփից հետո գնում է Չինաստան

  • 12:03 16.05.2026

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Չինաստան պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է համատեղ հայտարարություն ստորագրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո։

Պուտինի այցը Չինաստան կկայանա մայիսի 19-ից 20-ը։ Ռուսաստանի առաջնորդը պաշտոնական հրավեր է ստացել Չինաստանի առաջնորդից։ Պուտինը և Սին կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, գործընկերության հետագա խորացման ուղիներ և երկրների միջև ռազմավարական համագործակցություն, նշել է մամուլի ծառայությունը։

«Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություն ամենաբարձր մակարդակով և մի շարք երկկողմ միջկառավարական, միջգերատեսչական և այլ փաստաթղթեր», – ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 13-ից 15-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է այցելել Չինաստան և հանդիպել Սի Ցզինպինի հետ։ Բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է «ֆանտաստիկ գործարքների» մասին։

Մոսկվան դեռևս Պեկինից տեղեկատվություն չի ստացել ԱՄՆ նախագահի Չինաստանում կայացած բանակցությունների մասին, բայց ակնկալում է կարծիքներ փոխանակել առաջիկա երկկողմ շփումների ժամանակ, երեկ հայտնել է Կրեմլը։

Թրամփի Չինաստան կատարած այցի արդյունքների գնահատականները միանշանակ չեն, և որպես հիմնական արդյունք համարվում է նրա ձախողումը Սի Ցզինպինիին համոզելու հարցում՝ ճնշում գործադրելու Իրանի վրա՝ ԱՄՆ պայմաններով համաձայնության գալու համար։