Ինչո՞ւ Արցախի թեմի նոր առաջնորդ չի նշանակվում

  • 09:00 26.05.2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած ու Վեհափառին ուրացած 10 տիրադավներից մեկն է, «անհետացել է ռադարներից»։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երեւանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է»։ 

«Չնայած արցախցիները դիմել էին Վեհափառին՝ Վրթանես եպիսկոպոսին կարգալույծ անելու կամ թեմակալ առաջնորդի պաշտոնից զրկելու խնդրանքով, եւ առաջարկել էին թեկուզ ժամանակավոր տեղապահ նշանակել, բայց Վեհափառն անարձագանք է թողել նրանց խնդրանքը», գրում է Հրապարակը:

Թերթի տվյալներով, Արցախին վերաբերող ցանկացած հոգեւոր ծիսակարգի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգեւոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին, նրան են ճանաչում իբրեւ առաջնորդ։

Ինչո՞ւ Կաթողիկոսը չի փոխում Արցախի թեմի առաջնորդին և ինչպիսի՞ն կլինի Արցախի թեմի ճակատագիրը։ Կառավարություն-Էջմիծին հակամարտությունը սկսվել է Գարեգին Բ Կաթողիկոսի ելույթներից Շվեյցարիայում, որտեղ նա կոչ է արել աշխարհին սատար կանգնել Արցախում մնացած հայկական ժառանգության պահպանմանը։ Արցախում և այլ տեղերում գտնվող Հայ առաքելական եկեղեցիների սեփականատերը Կաթողիկոսն է համարվում, և նա հանդես եկավ սեփականատիրոջ դիրքերից։

Այդ ելույթները սվիներով ընդունվեց ոչ միայն Բաքվում, այլև Երևանում, և սկսվեց Կաթողիկոսի դեմ իսկական արշավանք։ Վրթանես սրբազանը պատահական չի հայտնվել Փաշինյանի կողմն անցած եպիսկոպոսների խմբում։ Հենց նա է այդ խմբի առանցքային դերակատարը։

Սակայն Կաթողիկոսի դեմ պայքարը հասավ կառավարության համար վտանգավոր ջրբաժանի, և, ըստ երևույթին, “զինադադար” կնքվեց մինչև ընտրությունների ավարտ։ Դրանից հետո կայացան երկու եկեղեցական մեծ ժողովներ, որոնց եզրափակիչ հայտարարություններում բացակայում էր Արցախի ժառանգության պահպանման մասին դրույթները։ Մյուս կողմից, բանտերից բաց թողնվեցին գրեթե բոլոր եկեղեցականները, նաև Կաթողիկոսի ազգականները։

Թե ինչ կլինի ընտրրություններից հետո, պարզ չէ, սակայն կա կարծիք, որ Փաշինյանի հաղթանակի դեպքում Գարեգին Բ-ն կարող է հրաժարական տալ։ Նաև Եկեղեցին կարող է կորցնել իր կալվածքները Հայաստանից դուրս, այդ թվում Արցախում։

«Հրապարակ» թերթը շաբաթներ առաջ գրել է. «Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել”:

Հայ Առաքելական եկեղեցու գույքի փոխանցումը այն երկրներին, որտեղ նրանք ֆիզիկապես գտնվում են, հնարավոր կդարձնի ոչ միայն Արցախում գտնվող եկեղեցիների “հարցի լուծումը”, այլև Երուսաղեմում, ներկայիս Թուրքիայի տարածքում եկեղեցիների հարցի “փակումը”։

Օրերս Վատիկանում է գտնվել Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսը, որին Հռոմի Պապն ընդունել է հատուկ հարգանքով։ Ընդ որում, իր խոսքի մեջ Լևոն Պապը խոսել է Հռոմի և Հայ Առաքելական եկեղեցիների հետագա եղբայրության մասին՝ “մինչև եկեղեցիների վերջնական միավորումը”։

Արդյո՞ք աշխարհը քննարկում է Էջմիածնի հետա ճակատագրի հետ կապված սցենրներ։