Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ՀՀ–ում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն չստացած անձինք չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին
հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը։
«ՀՀ Սահմանադրության և «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ դատարանի կողմից կայացվել են և ուժի մեջ են մտել 3 դատական ակտեր, որոնցով ՆԳՆ–ին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցրել են ներառել Արցախի անձնագիր ունեցող անձանց ընտրացուցակներում։
Նռրքին գործերի նախարարությունը Քաղաքացիական դատարանի վճիռները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը։