Երեք զեկույց Հայաստանի մասին. Շոյգու, իսկ որտե՞ղ է Արցախը

  • 23:28 03.06.2026

2021 թվականի մարտի 16-ին՝ ճիշտ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակի օրը, որի համաձայն Ռուսաստանը հայկական տարածքներ զիջեց Թուրքիային, այն ժամանակվա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնեց, որ Ռուսաստանը, Թուրքիայի հետ համատեղ, հաջողությամբ իրականացրել է բարդ գործողություն Ղարաբաղում: Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը Ռուսաստանը և Թուրքիան Ադրբեջանի միջոցով օկուպացրել են Արցախի երկու երրորդը, որտեղ տեղակայվել են ռուսական զորքեր, իսկ Ակնայում բացվել է ռուս-թուրքական հետախուզական կենտրոն:

2023 թվականի հոկտեմբերին, երբ Արցախում սկսվեց բնիկ բնակչության տեղահանությունը շրջափակումից և ագրեսիայից հետո, Շոյգուն երկրորդ անգամ զեկուցեց, որ «Լեռնային Ղարաբաղի ավելի քան 98,000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 32,000 երեխա, տարհանվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք՝ ռուսական խաղաղապահ զորքերի միջնորդությամբ»:

Ղարաբաղի հարցը լուծվել է «սողոմոնյան» եղանակով. Ղարաբաղի տարածքները անցնում են Ադրբեջանին, բնակչությունը՝ Հայաստանին: Շոյգուն կհսկի, որ ամեն ինչ լավ լինի: Մոսկվայի և Կարսի պայմանագրերից պետք է դուրս գալ, բայց այնպես, որ Հայաստանը չպահանջի Ռուսաստանի կողմից Թուրքիային նվիրաբերված իր հողերի վերադարձը։

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում գործընթացը պետք է ավարտվի՝ մինչև Հայաստանի «լուծարումը», և Շոյգուն կրկին ակտիվացել է, մինչև երրորդ զեկույց-աքլորականչը։

Այսօր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն թվարկեց բոլոր այն խնդիրները, որոնք շուտով կթափվեն Հայաստանի գլխին՝ անկախ ընտրությունների արդյունքից և ԵՄ գնալու ցանկությունից։ Դրանց թվում են գազի գների եռակի-չորս անգամ աճը, դրանից բխող էլեկտրաէներգիայի գների բարձրացումը, գյուղատնտեսության անկումը ռուսական հիմնական շուկայի փակման պատճառով և 1,5 միլիարդ դոլարի վնասները, երբ ռուս զբոսաշրջիկները դադարեն այցելել Հայաստան։ Շոյգուն նույնիսկ սպառնաց աղետով Հայկական ատոմակայանում (ՀԱԷԿ), քանի որ «ՀՀ իշխանությունները աշխատանքներ են իրականացնում հանրապետության ԱԷԿ-ում՝ պայմանավորվելով արևմտյան կապալառուների հետ առանց ՌԴ համաձայնության»։

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում այն ​​ուժերի հաղթանակով, որոնք կընդունեն նոր Սահմանադրություն, որը կվերացնի Մոսկվայի կողմից այդքան ատելի հղումը 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը, որը և հանգեցրեց Խորհրդային կայսրության փլուզմանը։ Նոր Սահմանադրությունը ենթադրում է, որ Հայաստանը կամավոր կհրաժարվի իր տարածքներից, որոնք Ռուսաստանը զիջել է Թուրքիային Կարսի պայմանագրով, և լիովին կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից և Ադրբեջանից։ Նիկոլ Փաշինյանի կրծքին խփած քարտեզը նշան է նրա՝ հայկական տարածքների նկատմամբ իրավունքներից հրաժարվելու պատրաստակամության։

Այդ ժամանակ էլ Շոյգուն երրորդ անգամ կզեկուցի, որ Ռուսաստանը այլևս պարտք ու պահանջ չունի Թուրքիայի հետ, Կարսի պայմանագիրն ավարտվել է, Թուրքիայի հյուսիսային սահմանները վերջապես կնքվել են Հայաստանի կնիքով, և որ Նախիջևանը այլևս իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին: Ռուսաստանը, իր հերթին, կփակի իր շուկան Հայաստանի համար, որպեսզի այն կարողանա հնարավորինս լավ «ինտեգրվել» Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ապա կանջատի լույսերը: Ռուսական զորքերն էլ կապահովեն բնակչության “անվտանգ” տարհանումը և Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանությունը։ Ինչպես Իդլիբում։