
Եվրամիությունը մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհներ կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի զարգացման համար, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Մենք ունենք «Գլոբալ դարպաս» ներդրումային ծրագիրը, և այս ծրագրի շրջանակներում մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհներ կհատկացնենք Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի զարգացման համար։ Սա կարող է հնարավորություն ստեղծել մինչև 2 միլիարդ եվրո պետական և մասնավոր հատվածի ներդրումներ ներգրավելու համար։ Նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանի միջով երկաթուղային կապի ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը», – ասել է ֆոն դեր Լեյենը։
«Մենք նաև կհայտարարենք խաղաղության խթանմանն ուղղված 20 միլիոն եվրոյի նոր ծրագրի մասին», – ասել է ֆոն դեր Լեյենը։
Նա նաև ասել է, որ Եվրամիությունը նախատեսում է Բաքվում կազմակերպել տարածաշրջանային կապի վերաբերյալ ներդրումային համաժողով, որը կմիավորի Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը վաղը կլինի Երևանում։ Հատկանշական է, որ Բաքվում իր հրապարակային ելույթներում նա չի հիշատակել հայ-ամերիկյան TRIPP նախագիծը, որը գրեթե մեկ տարի «քննարկվում» է Երևանի և Վաշինգտոնի միջև։ Սակայն ավելի ուշագրավ է, որ ֆոն դեր Լեյենը հիշատակել է Նախիջևանի միջով երկաթուղային կապի բացման մասին։
Մենք արդեն գրել ենք այն մասին, որ առանց Նախիջևանի կարգավիճակը որոշելու, ԵՄ-ն չի կարող առաջ մղել իր «Գլոբալ դարպաս» օրակարգը։ Մինչ օրս Բաքուն կտրականապես հրաժարվել է բացել Նախիջևանը, որը կարող է հեշտությամբ ապահովել երկաթուղային կապ Հնդկական օվկիանոսից Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջով դեպի Եվրոպա։ Առանց դրա ԵՄ-ն ոչ մի պատճառ չունի ներդրումներ կատարելու Հարավային Կովկասի հաղորդակցության մեջ։
Սակայն դրա համար անհրաժեշտ է պարզաբանել Նախիջևանի կարգավիճակը, որը, ըստ 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրի, մինչ օրս մնում է հայկական ինքնավար հանրապետություն՝ Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո։ Միայն վերջերս Ալիևը փոփոխություններ մտցրեց Նախիջևանի Սահմանադրության մեջ և հեռացրեց Կարսի պայմանագրի հղումը։ Սակայն սա ոչ մի կերպ չփոխեց Նախիջևանի կարգավիճակը։
Այս կարգավիճակը կարող է որոշվել միայն Հայաստանի նոր Սահմանադրության ընդունմամբ, որը «կամավոր» կհրաժարվի Կարսի պայմանագրով իրենից խլված տարածքներից: Ահա թե ինչու Բաքուն հրաժարվում է բացել Նախիջևանը և պահանջում փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում։
Կխոսի՞ ֆոն դեր Լեյենը Հայաստանում նոր Սահմանադրության անհրաժեշտության և Հայաստանի՝ խորհրդային սահմանների մասին, պահանջելով հրաժարվել այն տարածքներից, որոնք պետք է վերադարձվեն իրեն, եթե Կարսի պայմանագիրը համարվի փակված։