Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում պատմել է ադրբեջանական հրթիռակոծման հետևանքով վիրավորված և զոհված մի քանի երեխաների ճակատագրերի մասին։
Տեսանյութում նա 7-ամյա Ռուզաննա Հայրապետյանի հետ է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից։
«Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը սկսել է իր ցեղասպան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և հրթիռակոծել բնակավայրերը, մի խումբ կանայք և երեխաներ ապաստանել են մի տանը, որը նույնպես հայտնվել է հրթիռակոծության ներքո, ինչի հետևանքով առնվազն 5 քաղաքացիական անձ է զոհվել, որոնցից 3-ը՝ երեխաներ։ Ավելի քան 10 անձ է վիրավորվել, նրանց թվում նույնպես շատ են եղել երեխաները։
Ռուզանն այդ երեխաներից մեկն է։ Նա վիրավորում է ստացել ոտքերի շրջանում, բայց, բարեբախտաբար, նրա վիճակը ծանր չէ, բժիշկներն ասում են, որ նա կքայլի։ Ռուզանի եղբայրն ու քույրը ևս վիրավորվել են։ Ավագ քույրն ինձ պատմել է, որ զոհված երեխաներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մյուս երկուսի գտնվելու վայրը հայտնի չէ, ծնողները չեն կարողանում գտնել նրանց մարմինները։ Երկու զոհված երեխաների եղբայրը ծանր վիրավոր է, գտնվում է մանկական հիվանդանոցում»,- ասել է Բեգլարյանը։
Բեգլարյանի խոսքով՝ ամենաշատ թվով զոհերն ու վիրավորները հենց Սառնաղբյուրից են, քանի որ այնտեղ մեծ խմբով կանայք և երեխաներ են եղել։
«Մեր ունեցած վերջին տվյալներով զոհվել է 5 երեխա, 13-ը՝ վիրավորվել, սակայն փաստահավաք առաքելության արդյունում պարբերաբար նոր դեպքեր ենք հայտնաբերում, այնպես որ տվյալները առաջիկայում կթարմացվեն»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: