
Անշարժ գույքի շուկայում գների և վարձակալության արժեքի աճի պայմաններում արցախցիների շրջանում ավելի հաճախ է հնչում նույն առաջարկը՝ բնակարանային խնդիրը լուծել ոչ միայն հավաստագրերի միջոցով, այլև կառուցել մատչելի և հարմարեցված բնակելի թաղամասեր։ Այս գաղափարը նոր չէ, սակայն վերջին ամիսներին այն կրկին ստանում է արդիականություն, քանի որ շուկայում բնակարանների արժեքը հաճախ չի համապատասխանում պետության տրամադրած աջակցության չափին։
Օգոստոսի 13-ին սոցիալական բնակարանների վերաբերյալ քննարկման ժամանակ Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին Հայաստանի կառավարությանը առաջարկվել էր արցախցիների համար բնակելի թաղամաս կառուցել։ Նրա խոսքով՝ այդ տարբերակը կարող էր համակարգված կերպով լուծել տեղահանվածների բնակապահովման խնդիրը, սակայն գաղափարը կառավարության կողմից ընկալվել է որպես արցախցիների «գետտոյացման» վտանգ։
Մինչդեռ համայնքային բնակեցումն ինքնին չի նշանակում մեկուսացում։ Եթե նման թաղամասերը կառուցվեն Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով, դպրոցների, բուժհաստատությունների, տրանսպորտի և աշխատատեղերի հասանելիությամբ, դրանք կարող են դառնալ ոչ թե փակ համայնքներ, այլ նոր բնակավայրերի զարգացման բաղադրիչ։
Այս առումով ուշագրավ է նաև այն, որ նման գաղափար արդեն ներկայացվել էր 2026 թվականի նախընտրական ծրագրերի շրջանակում։ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ծրագրում խոսվում էր մատչելի բնակարանների կառուցման մասին, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Ծրագրում ներկայացված էր 20 հազար մատչելի բնակարան կառուցելու գաղափարը։
Հետևաբար հարց է առաջանում՝ եթե մատչելի բնակարանաշինության գաղափարը արդեն իսկ քաղաքական օրակարգում է հայտնվել, ինչո՞ւ այն չօգտագործել նաև արցախցիների բնակապահովման խնդրի լուծման համար։ Սա չպետք է վերածվի քաղաքական պատկանելիության կամ որևէ ուժի ծրագրի պաշտպանության հարցի։ Խնդիրը շատ ավելի պարզ է՝ եթե առաջարկը կարող է ստեղծել իրական բնակարանային ֆոնդ, այն պետք է գնահատվի իր արդյունավետությամբ, ոչ թե քաղաքական հեղինակով։
Միաժամանակ պետք է հաշվի առնել ևս մեկ կարևոր խնդիր։ Ներկայումս բնակարանների և վարձակալության գների աճը փաստացի դուրս է գալիս պետական ծրագրի վերահսկողության շրջանակից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանը Step1.am-ի հետ զրույցում նույնպես նշել է, որ շուկայական գների ուղղակի կարգավորման մեխանիզմներ չկան և գործում է պահանջարկի ու առաջարկի օրենքը։ Օգոստոսի 13-ի քննարկման ընթացքում շուկայի այս խնդրին անդրադարձել են նաև Հայկ Խանումյանն ու Լիաննա Պետրոսյանը՝ ընդգծելով, որ բնակարանային աջակցության ավելացումը ինքնաբերաբար կարող է բարձրացնել շուկայական գները։
Այս իրավիճակում պետությունը փաստացի հայտնվում է փակ շրջանի մեջ․ բարձրացնում է աջակցության չափը՝ շուկայական գներն աճում են, պահպանում է նույն չափը՝ բնակարան գտնելու հնարավորությունը սահմանափակվում է։ Արդյունքում պետական միջոցների զգալի մասը շարունակում է ուղղվել վարձակալությանը, մինչդեռ այդ գումարները չեն ստեղծում նոր բնակարանային ֆոնդ։ Step1.am-ի տվյալներով՝ ծրագրի շրջանակում արդեն միլիարդավոր դրամներ են ուղղվել բնակարանային ապահովմանը, սակայն շինարարության բաղադրիչը շարունակում է մնալ սահմանափակ։
Հենց այստեղ է առաջանում մատչելի բնակարանաշինության տրամաբանությունը։ Պետությունը կարող է ոչ թե փորձել անընդհատ հետևել շուկայի գներին, այլ ստեղծել լրացուցիչ առաջարկ՝ կառուցելով մատչելի բնակարաններ։ Արդեն իսկ Ոսկեհատում նախատեսված 132 բնակարանների մասնավոր ծրագիրը ցույց է տալիս, որ նման մոդելը հնարավոր է։
Սակայն այս գործընթացը նույնպես չի կարող ամբողջությամբ թողնվել մասնավոր նախաձեռնությունների վրա։ Եթե յուրաքանչյուր խումբ ինքնուրույն հող գտնի, նախագծի, կառուցի և լուծի ենթակառուցվածքների հարցերը, գործընթացը կարող է մնալ մասնակի և անկանոն։ Պետք է պետական մեխանիզմ, որը կհամակարգի հողերի տրամադրումը, շինարարությունը, ենթակառուցվածքների ստեղծումը, ֆինանսավորումը և շահառուների ընտրությունը։
Այսինքն՝ խոսքը միայն «արցախցիների համար թաղամաս կառուցելու» մասին չէ։ Խոսքը կարող է լինել մատչելի և սոցիալական բնակարանային ֆոնդ ստեղծելու պետական քաղաքականության մասին, որի շրջանակում արցախցիները կլինեն առաջնային շահառուներից մեկը։
Գրեթե երեք տարի անց հազարավոր տեղահանվածներ շարունակում են ապրել վարձակալած բնակարաններում՝ շուկայի գների աճի պայմաններում։
Հետևաբար հարցն արդեն ոչ թե այն է, թե արդյոք պետությունը պետք է ընտրի շինարարությունը կամ հավաստագրերը, այլ՝ ինչո՞ւ չուղղել հավաստագրերի համար նախատեսված պետական միջոցները հենց բնակարանաշինությանը։
Այդ գումարները կարող են դառնալ պետական ներդրման հիմք՝ լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելով մասնավոր հատվածից, բարերարներից և միջազգային ու տեղական դոնորներից։ Այս դեպքում պետության տրամադրած գումարը չի սպառվի անհատական բնակարանների շուկայական գների փոխհատուցման վրա, այլ կվերածվի երկարաժամկետ բնակարանային ֆոնդի։
Եթե նման գաղափարն արդեն առաջարկվել է դեռևս 2024 թվականին, իսկ այսօր այն կրկին հնչում է տարբեր հասարակական և քաղաքական շրջանակներում, գուցե ժամանակն է այն դուրս բերել քաղաքական բանավեճի շրջանակից և դիտարկել որպես պետական բնակարանային քաղաքականության գործնական ծրագիր։
Պետությունը կարող է ստանձնել գործընթացի համակարգումը՝ միավորելով հավաստագրերի համար նախատեսված միջոցները, հողային ռեսուրսները և ենթակառուցվածքների ստեղծումը, իսկ շինարարության ֆինանսավորման գործում ներգրավել նաև մասնավոր ու բարեգործական միջոցներ։
Արսեն Աղաջանյան