
Լիաննա Պետրոսյանը բաց քննարկումների շարք է սկսում․ «Առանց հիմնարար մոտեցումների փոփոխության՝ ծրագրից օգտված ընտանիքների թիվը չի գերազանցելու 50 տոկոսը»
Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման ծրագրի շուրջ նոր քննարկումների շարք է սկսում Լիաննա Պետրոսյանը՝ առաջարկելով հենց տեղահանվածներին առցանց բարձրաձայնել իրենց խնդիրները, ներկայացնել ծրագրից օգտվելու ընթացքում հանդիպած խոչընդոտներն ու առաջարկել հնարավոր լուծումներ։
Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ բնակապահովման ծրագիրը մեկնարկել է ավելի քան երկու տարի առաջ, սակայն այս ընթացքում ծրագրից օգտվելու ցուցանիշը շարունակում է ցածր մնալ։
«Բնակապահովման ծրագիրն արդեն երկու տարուց ավել է, ինչ մեկնարկել է, սակայն բոլոր հարցումները, բոլոր պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են, որ մինչև այս պահը ծրագրից կարողացել է օգտվել շահառու հանդիսացող ընտանիքների միայն մինչև 20 տոկոսը (նախնական հայտարարված շահառու ընտանիքների հաշվարկման դեպքում՝ 15 տոկոսը)։ Օգտվածների առնվազն կեսը՝ հավելյալ վարկային պարտավորություններ ներգրավելու միջոցով»,– նշում է նա։
Լիաննա Պետրոսյանը նաև ընդգծում է, որ ծրագրի ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ և լավարկումներ, որոնք, սակայն, էական ազդեցություն չեն ունեցել ընդհանուր վիճակագրության վրա։
«Այս ընթացքում ծրագրում տեղի են ունեցել տարբեր փոփոխություններ և լավարկումներ, որոնք միտված էին՝ ծրագիրը ավելի հասանելի դարձնելու բռնի տեղահանված հայրենակիցների համար, սակայն դրանք ևս էական ազդեցություն չունեցան ընդհանուր վիճակագրության փոփոխության վրա»,– գրում է նա։
«Ծրագրի մեկնարկից սկսած՝ որպես հիմնական խնդիր շարունակում է մնալ ֆինանսական բաղադրիչը։ Ճիշտ է, այս ընթացքում, բացի մայրաքաղաք Երևանից բոլոր այլ բնակավայրերի բազային գումարները բարձրացվել են, բայց, զուգահեռաբար, բարձրացել ու բարձրանում են նաև Հայաստանի անշարժ գույքի գները»,– նշում է Լիաննա Պետրոսյանը։
Առանձին խնդիր է, ըստ նրա, փոքր կազմով ընտանիքների բնակապահովումը։ «Առաջնային խնդիրներից է մնում նաև փոքր կազմով ընտանիքների հարցը. Հուլիսի 1-ից մեկնարկած ծրագիրն էական ազդեցություն չի ունենա խնդրի լուծման վրա»,– գրում է նա։
«Բնակապահովման հարցի կարգավորման շուրջ այս ամբողջ ընթացքում ինչպես մենք, այնպես էլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվող մի քանի տասնյակ հասարակական միավորումներ, հանրային-քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ և ծրագրի անմիջական շահառուներ ներկայացրել ենք հիմնական առաջարկություններ և լուծումներ, որոնց ընդունման դեպքում հիմնականում հնարավոր կլիներ հասնել Բնակապահովման ծրագրի առավելագույն կիրառելիությանը շահառու ընտանիքների համար»,– ասում է նա։
Լիանա Պետրոսյանի գնահատմամբ՝ առանց հիմնարար փոփոխությունների ծրագրի հնարավորությունները շարունակում են սահմանափակ մնալ։ « Բնակարանային ապահովման ծրագրից օգտված շահառու ընտանիքների թիվը չի գերազանցելու 50 տոկոսը, ինչն իրենից ենթադրելու է ծրագրի ոչ լիարժեք արդյունքներ»,– նշում է նա։
Հաշվի առնելով առկա խնդիրները՝ ինչպես նաև անշարժ գույքի վարձակալության շուկայում ստեղծված հերթական անվերահսկելի իրավիճակը՝ Լիաննա Պետրոսյանը հայտարարում է քննարկումների նոր փուլի մեկնարկի մասին։ Նպատակը ոչ միայն առկա խնդիրները բարձրաձայնելն է, այլև բնակապահովման ծրագրի անմիջական շահառուների փորձն ու առաջարկները մեկտեղելը։
Մարիամ Սարգսյան