
ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց. «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Ավելի վաղ շտապօգնության մեքենա էր ժամանել Հակակոռուպցիոն կոմիտե:
Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն: Հետագա հետազոտության նպատակով երկրորդ նախագահը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:
«Ռոբերտ Քոչարյանը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության և բժիշկները հարկ են համարել հավելյալ ստուգումներ անցկացնել», – այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա խոսնակ Բագրար Միկոյանը:
Ռոբերտ Քոչարյանն ու և նրա որդին՝ գործարար Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են այսօր վաղ առավոտյան: Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս չորս անձ, նրանց անունները իրավապահները, սակայն, չեն նշել: