
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների որոշակի կատեգորիաների համար բնակվարձի մասնակի փոխհատուցման սոցիալական ծրագրից օգտվելու համար արցախցիները դեռեւս դիմումներ չեն ներկայացնում։ Այս մասին step1.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Օրերս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանն ասել էր, որ հուլիսի 1-ից գործող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների որոշակի կատեգորիաների համար բնակվարձի մասնակի փոխհատուցման սոցիալական ծրագրի շահառուների թիվը դեռ քիչ է։ Step1.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել վիճակագրություն, թե ըստ նախարարության հաշվարկների՝ քանի՞ շահառու պետք է ունենար այս ծրագիրը եւ քանի՞սն են դիմել ծրագրին մինչ օրս։
Ի պատասխան նախարարությունից տեղեկացրել են․ «Հայտնում ենք, որ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը (ՀՀ Կառավարության 2025 թ․ դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշում) մեկնարկել է 2026 թ․ հուլիսի 1-ից։ Ծրագրից կարող է օգտվել Ղարաբաղից տեղահանված 1-3 անդամ ունեցող այն ընտանիքը, որն օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում: Նշված հանգամանքով պայմանավորված՝ այս փուլում Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվում են դիմողների շրջանում վերոնշյալ հերթացուցակում հաշվառման համար անհրաժեշտ ուղղորդման եւ իրազեկման աշխատանքներ»։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նաեւ հարցրել էինք՝ մոնիթորինգ իրականացրե՞լ են՝ ինչո՞ւ մարդիկ չեն դիմում ծրագրին։ Գուցե պատճառն այն է, որ ծրագրին դիմելու դեպքում նրանք պետք է հրաժարվե՞ն սոցիալական բնակարաններից ու բնակապահովման հավաստագրից։
Նախարարությունն այս հարցին հստակ չի պատասխանել։ Հայտնել են, որ իրենց կողմից պարբերաբար իրականացվում է ինչպես այս միջոցառման, այնպես էլ սոցիալական աջակցության մյուս ծրագրերի մոնիթորինգ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառումը մեկնարկել է հուլիսի 1-ից եւ դեռեւս իրականացվում են սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում շահառուների հաշվառման գործընթացներ, ուստի հստակ վիճակագրություն այս պահին առկա չէ»։
Մեր հարցին, թե ծրագրի պայմանների փոփոխություն նախատեսվո՞ւմ է առաջիկայում, ի՞նչ քայլեր են արվելու, որպեսզի մարդիկ ավելի ակտիվ դիմեն այս ծրագրին, նախարարությունից պատասխանել են․ «Ծրագրի շրջանակում այս պահին փոփոխություններ չեն նախատեսվում․ առաջիկայում ըստ անհրաժեշտության կդիտարկվեն դրանց իրականացման հնարավորությունները»։
Հայտնի է, որ հատկապես վերջին շրջանում արցախցիները դարձյալ բնակարանների վարձերի թանկացման մասին են ահազանգում։ Շատ ընտանիքներ ահազանգում են, որ վարձավճարների բարձացման հետեւանքով հայտնվում են փողոցում։ Նախարարությանը հարցրել էինք՝ այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձի հատկացվող 40 հազար դրամ աջակցության գումարն արդյոք բավարա՞ր է, որպեսզի բռնի տեղահանված ընտանիքները կարողանան վարձով բնակվել։
«Տվյալ միջոցառումը ենթադրում է վարձավճարի մասնակի փոխհատուցում, որպեսզի բացառվի նաեւ աշխարհագրական բաշխվածությամբ հնարավոր խոչընդոտները՝ կապված վարձակալության չափերի հետ։ Միաժամանակ հայտնում ենք, որ աջակցության չափը որոշվել է՝ նաեւ հիմք ընդունելով բնակելի անշարժ գույքի վարձակալության շուկայի վերլուծությունները, եւ շատ մարզային բնակավայրերում աջակցության չափը բավարարում է բնակարանի վարաձավճարն ամբողջությամբ ծածկելու համար»,- ի պատասխան հայտնում են նախարարությունից։
Այսպիսով՝ պարզ է դառնում, որ բռնի տեղահանված արցախցի խոցելի ընտանիքները մերժում են կառավարության այս ծրագիրը։ Իսկ պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ այս ծրագի շահառու դառնալու համար մարդկանց ստիպում են նախ հրաժարվել սոցիալական բնակարանների համար հերթագրումից ու բնակապահովման հավաստագրերից։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների որոշակի կատեգորիաների համար բնակվարձի մասնակի փոխհատուցման սոցիալական ծրագրի պայմանները հետեւյալն են․
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40,000 դրամ: Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝ բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը, հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում, ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են՝ անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով։
Ռոզա Հովհաննիսյան