«Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցն այժմ լուծված է: Այն լուծվել և կարգավորվել է Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու Հայաստանի որոշմամբ։ Կարելի է ասել, որ էական առաջընթաց է գրանցվել», լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Meduza-ն երեկ հրապարակեց ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում Բաքվի ագրեսիայի համար մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։ Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին գնդակոծությունից։
Այս թեզերի վրա է կառուցված ռուսական պետական ողջ քարոզչությունը։ Բաքվի ագրեսիան դատապարտող որեւէ հայտարարություն բացառվում է։ Դատապարտում չեղավ նաեւ այն ժամանակ, երբ սպանվեցին ռուս «խաղաղապահներ»։ Ավելին, ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ այս կապակցությամբ արված հայտարարությունը նախատինք է «ապերախտ հայերին», որոնց փրկելիս զոհվել են իրենց խաղաղապահները։
Կրեմլի քարոզչության ածանցյալ երեւանյան միջոցները տարածում են այս թեզերը՝ զուգահեռ տարածելով ողբ ու հուսալքություն՝ այդ համատեքստում Արցախից սրտաճմլիկ տեսարանների անմաքուր շահարկմամբ։ Ընդհանուր առաջադրանքն այս միջոցներին ու իշխանաընդդիմադիր քաղդասին մեկն է՝ Արցախի հարցը փակված է, Կրեմլի ձեռնարկի համաձայն։
Այս ամենը, ինչպես նաեւ Մոսկվայում գրված կապիտուլյացիայի փաստաթուղթը, պարզապես վկայություն են, որ Ռուսաստանն է Արցախի ցեղասպանության նախաձեռնողն ու առաջնորդողը։ Մնացածն ընդամենը պատրվակ են՝ իրենց ագենտ Նիկոլի շնորհած, որովհետեւ 1․ եռակողմ հայտարարությունը չեղարկված չէ, 2․ չկա ստորագրված փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչում է Ղարաբաղի պատկանելությունը։
Ինչ է այս ֆոնին նշանակում Կրեմլի հայտարարությունը, ըստ որի՝ եռակողմ հայտարարությունների դրույթները պետք է պահպանվեն, այն պարագային, երբ Մոսկվան ու Բաքուն հրաժարվել են այդ թղթերով պարտավորություններից։ Նշանակում է մի բան՝ դրանց դրույթները կատարվելու են միակողմանի՝ միայն Հայաստանի պարտավորությունները։ Օրինակ, փախստականների վերադարձը, ճանապարհների ապաշրջափակումը եւ մնացածը հայերին չի վերաբերում։
Ալիեւի հետ հեռախոսազրույցում Պուտինը հրահանգել է Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի․ արցախցիները պատանդ են՝ Հայաստանի սահմանադրական տարածքի վրա առաջիկայում նախատեսված գրոհների եւ «խաղաղության պայմանագրի» համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: