
Step1.am-ի հարցերին պատասխանել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
-Տիկին Չուլջյան, օրերս հայտարարեցիք, որ Արցախի հարցը Հայ դատի հանձնախմբի օրակարգում է։ Մասնավորապես, ի՞նչ աշխատանք է տարվում ԱՄՆ-ում։
–Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն Արցախի հարցի վերաբերյալ առօրյա կապի մեջ է կոնգրեսականների և լրատվամիջոցների հետ՝ շատ կոչերով։ Առաջինը, անշուշտ, պատանդների անվերապահ և անմիջական ազատ արձակումն է։ Մի քանի բանաձևեր կան, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատ, որոնք շատ հստակորեն կոչ են ուղղում ամերիկյան կառավարությանը, որ ճնշում բանեցնի Ադրբեջանի վրա, որպեսզի պատանդներն ազատ արձակվեն։ Եվ որքան ժամանակ Ադրբեջանի կառավարությունը շարունակի բանտարկել նրանց, այնքան ԱՄՆ-ն պատժամիջոցներ պետք է մտածի Ադրբեջանի դեմ և առնվազն կանխի ռազմական օժանդակությունը դեպի Ադրբեջան։
Սրան զուգահեռ, նաև խոսում ենք Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանության մասին։ Անշուշտ գիտեք, որ այս տարի արդեն իսկ երկու եկեղեցիներ բնաջնջվել են, գերեզմաններ են բնաջնջվել, իսկ մնացած ժառանգությունը վտանգի տակ է։ Եվ երբ խոսում ենք ամերիկյան կառավարական ղեկավարների հետ՝ լինի գործադիր մարմնի, լինի օրենսդիր մարմնի հետ, այս նյութերը ներկայացնում ենք եւ կոչ ենք անում, որ ամերիկյան կառավարությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի կողմից այս քայլերն արվում են։
Այս աշխատանքին զուգահեռ, անշուշտ, Արցախի ժողովրդի վերադարձի հարցն ենք օրակարգում պահում։ Արցախի ժողովուրդն էթնիկ զտման եւ ցեղասպանության է ենթարկվել 2023-ին, և պետք է ապահովվի իրենց ապահով, հավաքական վերադարձը միջազգային երաշխիքներով, որպեսզի վստահ լինենք, որ ապահով պիտի կարողանան իրենց պապենական հողի վրա ապրել։ Ներկայումս, ինչպես ասացի, առնվազն երկու բանաձև ևս կա, որոնք վերաբերում են իրենց վերադարձի հարցին՝ անշուշտ, ապահով, հավաքական և միջազգային երաշխիքների լույսի ներքո։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումը նաեւ զորակցում է Սենատի եւ ներկայացուցիչների տան երկպալատ և երկկուսակցական նամակին, որով կոչ է ուղղվում, որ ԱՄՆ վարչակազմը լիովին կիրառի 907-րդ բանաձևը և չեղարկի Ադրբեջանին տրվող ռազմական օգնության թույլտվությունը: Հայ դատի հանձնախումբը կոչ է ուղղում, որ կոնգրեսականներն այդ նամակը ստորագրեն, նամակը դեռ բաց է, հաջորդ շաբաթվա ընթացում այդ նամակը պիտի ուղարկվի։ Եվ հույս ունենք, որ մեծ թվով կոնգրեսականներ կզորակցեն այդ նամակին։
Ինչպես ասացի՝ երկու բանաձևեր կան ներկայումս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որոնք վերաբերում են Արցախի հարցին, արցախցիների ապահով վերադարձի, պատանդների եւ հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերին։ Բանաձևերից մեկը ճնշում է գործադրում գործադիր մարմնի վրա, որ 907-րդ բանաձևը լիակատար ձևով ընդունի, այսինքն՝ ռազմական օժանդակություն չուղարկի Ադրբեջան։ Իսկ մյուսը վերաբերում է հատկապես 2020-ի պատերազմի և 2023-ի ցեղասպանական գործողությունների ժամանակ Ադրբեջանի գործած ոճիրներին և կոչ է ուղղում ամերիկյան կառավարությանը, որ հստակ պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի այն կառավարական ոճրագործների դեմ, որոնք այդ արարքները կատարել են, և դատապարտի այդ ոճիրները։
Հայ Դատի հանձնախումբը, ինչպես նաև Հայ իրավաբանական կենտրոնը և Լեմկինի անվան ինստիտուտը շատ հստակ ներկայացրել են այս ոճիրների ցանկը, ոճրագործների անունները։ Հստակ փաստերը ներկայացվել են թե՛ Ամերիկայի արտգործնախարարությանը, թե՛ ֆինանսների նախարարությանը։ Այդ բանաձևը, որը Մագնիտսկու պատժամիջոցներ է ենթադրում, ասում է, որ այդ հանցագործությունները պետք է քննվեն, և նրանց դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն։
–Դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն, պատրաստակամություն, որ ԱՄՆ կառավարությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։
–Օրենքները կան, Մագնիտսկու օրենքը կա, որն ասում է՝ եթե կփաստվի, որ այս ոճիրները տեղի են ունեցել, ամերիկյան կառավարությունը քննարկելուց հետո պետք է, ըստ օրենքի, պատժամիջոցներ սահմանի։ Այդ քննարկումը տեղի ունենալու համար Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը աշխատում է Ներկայացուցիչների տան և Սենատի հետ, որպեսզի անհրաժեշտ ճնշումները գործադրվեն գործադիր մարմնի վրա, որպեսզի քննարկվեն այդ հանցագործությունները, և պատժամիջոցներն իսկապես սահմանվեն։ Պատժամիջոցները կկիրառվեն, թե ոչ, մեր շարունակական աշխատանքից է կախված։ Այստեղ մեր լծակներն օգտագործում ենք և գործադիր մարմնի հետ աշխատանքում, և, անշուշտ, մեր աշխատանքներն են իրականացնում ենք Ներկայացուցիչների պալատում։
Երկու շաբաթ առաջ Հայ դատի հանձնախումբն ավելի քան 30 նահանգներից զորաշարժի կանչեց հայորդիների, Վաշինգտոն եկան։ 535 կոնգրեսականների և Սենատի գրասենյակների դուռը զարկեցինք, հանդիպեցինք, 150 կոնգրեսականների հետ նստեցինք։ Ճիշտ այս նյութերը ներկայացրեցինք՝ Արցախի, Ադրբեջանի վերաբերյալ, Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության վերաբերյալ։ Եվ շարունակում ենք պայքարել, որպեսզի կարողանանք կիրառել թե՛ պատժամիջոցները, թե՛ բոլոր պատանդների ազատ արձակումը տեսնել, և, անշուշտ, Արցախի ժողովրդի ապահով վերադարձը՝ միջազգային երաշխիքներով։
-Երբ ասում եք՝ արցախցիների ապահով վերադարձ, բացի միջազգային երաշխիքներից, ի՞նչ կարգավիճակով դա պետք է տեղի ունենա։ Արցախցիները հստակ ասել են, որ Ադրբեջանի ենթակայության տակ չեն ապրի։
-Միջազգային օրենքները շատ հստակ են՝ հստակ է, որ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է իր պապենական հողերից։ Սա ցեղասպանական արարք էր, սա էթնիկ զտում էր, և սրա դեմ միջազգային օրենքներն ասում են, որ իրենք իրավունք ունեն վերադառնալու իրենց պապենական հողերը։ Բայց որպեսզի կարողանան վերադառնալ, պետք է միջազգային մակարդակով անհրաժեշտ երաշխիքները լինեն։ Թե ինչ երաշխիքներ պետք է լինեն, և ինչպես պետք է ապահովվի այդ անվտանգությունը, այդ հարցրեը պետք է քննարկվեն։ Բայց պետք է հասնենք այնտեղ, որ ճանապարհ բացենք, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա որոշել և հավաքականորեն ու ապահով ձևով վերադառնալ իրենց հողեր։
Որպեսզի վստահ լինենք, որ վերադարձն անվտանգ է, և անհրաժեշտ երաշխիքները կան, անշուշտ, պետք է ժամկետ լինի, որ Արցախի ժողովուրդը կարողանա որևէ ձևով ինքնակառավարվել, որպեսզի պլանավորվեն հաջորդ քայլերը՝ Արցախում վերջնական խաղաղություն բերելու համար։ Վերջնական խաղաղություն, որը հարգում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքները։ Հետևաբար, այդ ուղղությամբ ենք աշխատում միջազգային կազմակերպությունների հետ, և, անշուշտ, այդ ճնշումներըն ենք բանացնում բոլոր այն երկրներում, որտեղ Հայ դատի հանձնախմբերն աշխատում են։
–Եթե Հայաստանի իշխանությունն այս հարցերը չի բարձրացնում, ձեր աշխատանքը դժվարանո՞ւմ է։ Ստացվում է, որ Հայ դատի հանձնախմբերն այսօր Հայաստանի կառավարության աշխատանքի ճիշտ հակառակն են անում։
– Հայ Դատի հանձնախումբը 135 տարի եղել է հայ ժողովրդի երկրորդ բանակը։ Հիմա, նկատի ունենալով, որ Հայոց ցեղասպանության հարցն այլևս Հայաստանի կառավարության քաղաքական օրակարգում չէ, Արցախի հարցի արդար լուծումը, Արցախի ժողովրդի իրավունքների պահպանումը, պատանդների հարցը, սրանք էլ իրենց առօրյա օրակարգում չկան, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դերը փոխվել է։ Ընդհանրապես աշխարհի Հայ դատի հանձնախմբերի դերը փոխվել է՝ հիմա ավելի շատ աշխատում ենք որպես հայ ժողովրդի արտգործնախարարություն, որովհետև մեկը պետք է լինի, որ կպաշտպանի այս հարցերը հայ ժողովրդին համար։ Եվ մենք պաշտպանում ենք, որովհետև սրանք հավաքական հայ ժողովրդի շահերն են, որ պետք է պաշտպանվեն։ Եվ եթե չպաշտպանվեն, իրականության մեջ հայկական պետականությունը, հայ ժողովրդի լինելիությունը հարցականի ու հարձակման տակ կդրվի։
Հայ դատի հանձնախմբի հիմնական թիրախն է վստահեցնել հայ ժողովրդի լինելիությունը, հայ պետականության հզորացումը և, անշուշտ, Սփյուռքի հզորացումը։ Այս ամենի մեջ կա Արցախի հարցի և հայ ժողովրդի հայրենականության ամրապնդումը։ Մեր աշխատանքը, մեր կամքը այս հարցով աննկուն է, մեր թափն այս աշխատանքների մեջ անկասելի է։ Եվ այսպես էլ պիտի շարունակենք, ինչ տեսակետներ էլ որ ունենա այս ժամանակավոր իշխանությունը։
Ռոզա Հովհաննիսյան