Արցախցիների կարգավիճակը քննարկվեց Խորհրդարանում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Արցախցիները բարձրացրեցին նաեւ իրենց կարգավիճակի հարցերը։

«Մենք չենք տեղահանվել երկրաշարժից ու ջրհեղեղից, տեղահանվել ենք բռնի ուժի կիրառումով։ Արցախցիները պետք է հստակ կարգավիճակ ունենան։ Մեծամասնությանը հետաքրքրում է իրենց ունեցվածքի ճակատագիրը, որը մնացել է Արցախում։ Մարդիկ ուզում են հստակ իմանալ՝ ի՞նչ լուծումներ ու որոշումներ կան։ Եվ այս համատեքստում կարեւոր է արցախցիների կարգավիճակի հարցը, եթե կարգավիճակի հարցը լուծվի, այդ մարդիկ կկարողանան իրենց կարգավիճակի հիման վրա միջազգային հարթակներում իրենց ունեցվածքի հարցը իրավական ճանապարհով ու միջազգային նորմերի սահմաններում բարձրացնել»,- ասաց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, անդրադառնալով կարգավիճակի հարցին, ասաց․ «Կառավարության՝ 2023 թվականի 18-64 որոշումը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների իրավական կարգավիճակի եւ իրավական անորոշության պրակտիկայի խնդիրը փակեց»։

Նա նշեց, որ արդեն արցախցի ավելի քան 53 հազար մարդ դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նրանցից 45 098-ն արդեն ստացել են քաղաքացիություն։  «Ակնհայատ է, որ այս տենդենցն առավել մեծացել է բնակապահովման ծրագրի ներդրման շրջանակներում քաղաքացիության պայմանի սահմանումից ի վեր»,- ասաց նա։

Անդրադառնալով արցախցիների գույքային պահանջներին՝ Ղազարյանն ասաց, որ անհատական կարգով գույքային պահանջների հարցը յուրաքանչյուր անձի որոշելիքն է, իրենք այս հարցում որեւէ դիտարկում չունեն։

Արցախցիների կարգավիճակի ու գույքային իրավունքների հարցերին արձագանքեց նաեւ աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով․  «Մեր կառավարության քաղաքականությունը միտված է մեկ հիմնական խնդրի լուծմանը՝ այն է՝ մեր հայրենակիցները, որոնք տեղահանվել են Ղարաբաղից, իրենց տունը պետք է վերջնական գտնեն Հայաստանի Հայաստանում, տնավորվեն, տեղավորվեն այստեղ։ Մեր ողջ քաղաքականությունը միտված է դրան, իհարկե, դա չի նշանակում, որ մեր հայրենակիցները չեն կարող իրենց իրավունքներն այլ կերպ իրացնել՝ միջազգային կոնվենցիաներով եւ այլ ճանապարհով։ Բայց մենք դրանում մասնակցություն չենք ունենալու»։