
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի նախագահը հայտնել է մի քանի դեսպանատների միջամտության մասին։
Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը չեն մասնակցի նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին։ Այս մասին հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
Կազմակերպության հաղորդմամբ՝ պաշտոնական հրավեր ստանալուց հետո համույթները շուրջ երեք ամիս պատրաստվել են փառատոնին՝ մշակելով հատուկ կատարողական ծրագիր։ Սակայն հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են մասնակցության չեղարկման մասին։
Հետագա նամակագրության ընթացքում Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին, ըստ ՀԿ-ի հրապարակած տեղեկությունների, հայտնել է, որ դեսպանատնից ստացված գրությամբ Արցախի մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», և առաջարկվել է չեղարկել նրանց հրավերները։
Հոկտեմբերի 23-ին Ստրեզովսկին հավելյալ պարզաբանել է, որ, իր փոխանցմամբ, մի քանի դեսպանատներ միջամտել են՝ համույթներին մեղադրելով «անջատողական գործունեության» մեջ և առաջարկելով նրանց չհրավիրել փառատոնին։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» կտրականապես մերժում է արվեստագետներին վերագրվող մեղադրանքները։ Կազմակերպության հայտարարության համաձայն՝ 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումից հետո իր հիմնական առաքելություններից մեկը դարձել է Արցախի մշակութային համույթների պահպանումը և նրանց մասնագիտական գործունեության շարունակականության ապահովումը։
ՀԿ-ն ընդգծում է, որ համույթները Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի կրողներն են։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 2025 թվականին արցախցի արվեստագետները մասնակցել են Իտալիայում CIOFF-ի միջազգային փառատոնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի և պատվոգրերի։
CIOFF-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկերություն ունեցող կազմակերպություն է, որը համագործակցում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում։
ՀԿ-ի գնահատմամբ՝ Արցախից բռնի տեղահանված արվեստագետների միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցության սահմանափակումը՝ քաղաքական բնույթի մեղադրանքների հիմքով, մտահոգություններ է առաջացնում նրանց մշակութային իրավունքների հնարավոր խախտման վերաբերյալ։
«Արդյո՞ք մշակութային ժառանգության պահպանումը կարող է համարվել անջատողական գործունեություն, իսկ այդ ժառանգությունը ներկայացնող արվեստագետները՝ վտանգավոր»,— հարցադրում է անում կազմակերպությունը։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» դիմել է WOFA-ի նախագահին՝ պահանջելով հայտնել միջամտած դեսպանատների անունները և ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։
Ըստ ՀԿ-ի՝ Ստրեզովսկին խոստացել է տրամադրել մանրամասները, սակայն դրանք դեռևս չեն ստացել։
Կազմակերպությունը հայտնել է նաև, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզաբանելու և արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանությանը նպաստելու նպատակով դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
ՀԿ-ն հայտարարել է, որ շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հարցը՝ պահանջելով պարզաբանել փառատոնին մասնակցության չեղարկման հանգամանքները և ներկայացված մեղադրանքների հիմքերը։
Կազմակերպությունը հրապարակմանը կցել է WOFA-ի նախագահ Զորան Ստրեզովսկու և «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի նամակագրությունից հատվածներ։
Հրապարակման պահին կազմակերպության ներկայացրած տեղեկությունները դեսպանատների միջամտության և մեղադրանքների վերաբերյալ անկախ աղբյուրներով հաստատված չեն։