Դե եթե Անվտանգության խորհրդի քարտուղարն է ասում, որ չենք հասցնելու

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը, սակայն հարևանների հետ հարաբերությունները չպետք է կառուցի բացառապես պատերազմի սպասումով։ Նրա խոսքով՝ նոր պատերազմներ թույլ չտալու և պետականությունը պահպանելու համար անհրաժեշտ է ձգտել խաղաղության Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին նա ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։

Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ բանակ, որը երկրի վրա ցանկացած հարձակում հակառակորդի համար կդարձնի ծայրահեղ ցավոտ։ Սակայն նա կասկած է հայտնել, որ միայն պատասխան հարվածի սպառնալիքը բավարար է անվտանգությունն ապահովելու համար։

«Բայց եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ միմյանց դեմ պատերազմելու առիթ ընդհանրապես չլինի», — հայտարարել է Սիմոնյանը։

«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի ուժեղանալ, մենք ընդհանրապես ոչինչ չենք հասցնի անել», — ասել է նա՝ բացատրելով, թե ինչու է վտանգավոր համարում անվտանգության խնդիրների լուծումը հետաձգել մինչև երկրի զգալիորեն հզորանալը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ձգտի հաջորդ սերունդներին թողնել խաղաղ ապագա, այլ ոչ թե անվերջ պատերազմների ժառանգություն։