
3 տարի առաջ հանդիպեցի ադրբեջանցի մի լրագողի հոդվածի, ով պատմում էր 90-ականների պատերազմից հետո Ադրբեջանում իրենց ընդունելու եւ պատերազմի պարտությունից հետո Ադրբեջանի՝ Ղարաբաղից/Արցախից տեղահանված ադրբեջանցիների մասին։
«Ի տարբերություն Մասալլիի՝ Ալաթում մարդիկ մեզ չէին սիրում։ Նրանց կարծիքով՝ մենք՝ ղարաբաղցիներս էինք պատերազմի և մարդկանց մահվան պատճառը։ Մի օր դպրոցում դասընկերս ինձ ասաց. «Դա ձեր հողն է, դուք եք կռվել դրա համար, բա ինչո՞ւ իմ հորեղբորը տարան»։
Ես չհասկացա, թե ինչ նկատի ուներ։ Երբ տուն եկա և այդ խոսակցությունը պատմեցի տատիկիս, նա լաց եղավ։ Դրանից հետո ես խուսափում էի տանը նման խոսակցություններ սկսելուց»։
Սա ադրբեջանցի լրագրողի անձնական հիշողությունն է։ Բայց այն կարդալիս դժվար է չնկատել, թե որքան ծանոթ են նկարագրված զգացողությունները ղարաբաղցի հայերին։ Տարբեր ճակատներում, տարբեր կորուստներով ու տարբեր պատմական հանգամանքներում, բայց պատերազմից հետո երկու հասարակություններում էլ մարդիկ ստիպված են եղել ապրել ոչ միայն պատերազմի հետևանքների, այլև միմյանցից օտարվելու, մեղադրանքների և սեփական ցավը լռության մեջ պահելու հետ։
Արցախցիներիս անծանոթ չէ այն հայացքը, որով երբեմն իրենց են նյում Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Հայրենիք կորցրած, տնից ու հիշողություններից կտրված մարդիկ ստիպված են եղել ոչ միայն նոր կյանք սկսել, այլև երբեմն «արդարացնել» իրենց ներկայությունը, իրենց անցյալը, իրենց ընտրությունները։
Նրանցից շատերի համար պատերազմը չի ավարտվել հրադադարի մասին հայտարարությամբ։ Այն շարունակվել է հարցերի, մեղադրանքների, անարդարության զգացման և անպատասխան մնացած խոսքերի տեսքով։
Նոյեմբերի 9-ը մեզ համար հենց այդպիսի օր է։ 2020 թվականի այդ օրը ստորագրված եռակողմ հայտարարությունը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում, սակայն դրա քաղաքական ու մարդկային հետևանքները շատ ավելի երկար ընթացք ունեցան։ Մի փաստաթուղթ, որը կանգնեցրեց պատերազմը, բայց չկարողացավ կանգնեցնել մարդկանց ներսում շարունակվող պատերազմը։
Պարտությունն ինքնին ծանր իրականություն է։ Բայց դրանից հետո սկսվող անտերության զգացումն առանձին ցավ է։ Երբ չգիտես՝ ում ուղղել հարցերդ, ումից պահանջել պատասխաններ, որտեղ փնտրել անհետացած հարազատիդ, ինչպես սգալ զոհվածիդ, երբեմն նույնիսկ՝ ինչպես խոսել կորցրած տան մասին։ Երբ թվում է, թե քո կորուստը ոչ միայն անձնական է, այլև հանրային կյանքում աստիճանաբար դառնում է «անհարմար թեմա»։
Պատերազմից հետո սուգը միայն թաղման արարողությունը չէ։ Սուգը նաև կորուստն ընդունելու, դրա մասին խոսելու, զոհվածներին հիշելու, ողջ մնացածներին լսելու և պատասխանատվության հարցերը բարձրացնելու հնարավորությունն է։ Երբ այդ հնարավորությունը բացակայում է, երբ հասարակությունը չի հասցնում կամ չի կարողանում սգալ, ցավը չի անհետանում։ Այն փոխում է իր արտահայտման ձևերը՝ վերածվելով լռության, զայրույթի, մեղադրանքի, երբեմն էլ՝ միմյանց հանդեպ թշնամանքի։
Հատկապես ծանր է, երբ այդ չմշակված ցավը փոխանցվում է երեխաներին։ Նրանք, որոնք գուցե չեն հասկանում պատերազմի քաղաքական պատճառները, բայց դպրոցում արդեն լսում են՝ «ձեր պատճառով իմ հարազատը զոհվել է», կամ ստիպված են պատասխանել հարցերի, որոնց պատասխանները մեծահասակները դեռ չեն գտել։
Երեխաները ժառանգում են ոչ միայն մեծերի հիշողությունները, այլև նրանց լռությունը։ Երբ խաղաղության լեզուն դեռ բռնության լեզուն է։ Բռնի հաղորդակցություն տերմինը միջազգային տերմին է, որը խոսելու և դիմացինի հետ հարաբերվելու այն ձևն է, երբ կիրառվում են մեղադրանք, նվաստացում, սպառնալիք, պիտակավորում, պարտադրանք կամ ցավի արժեզրկում։ Այն կարող է արտահայտվել ոչ միայն վիրավորական բառերով, այլև անտեսմամբ, լռեցմամբ և դիմացինին սեփական ճշմարտությունը պարտադրելով։
Հետպատերազմյան հասարակություններում բռնի հաղորդակցությունը հաճախ շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ զենքերն արդեն լռել են։
Հետպատերազմյան իրականության մեկ այլ հակասություն այն է, որ պարտված կողմերը հաճախ շարունակում են բախվել բռնի հաղորդակցության։ Պատերազմը կարող է ավարտված լինել, բայց ուժի հարաբերակցությունը շարունակում է թելադրել խոսակցության կանոնները։
Բռնի հաղորդակցությունը միշտ չէ, որ ուղեկցվում է վիրավորանքով կամ սպառնալիքով։ Այն կարող է արտահայտվել նաև անտեսմամբ, նվաստացմամբ, ցավի արժեզրկմամբ, մեղադրանքով կամ սեփական պատմությունը պատմելու իրավունքի սահմանափակմամբ։
2020թ․-ից հետո չունենք սգո օր, չկա սուգը հարգելու, ցավն ապրելու հայտարարված օր եւ սրա բացակայությունը բերում է չպարպված, չմարսված ցավի, արժեզրկման։ Ամեն անգամ արցախցիների համար կարեւոր եւ ցավոտ օրերին ֆեստիվառներ եւ դինոզավրերի վազք կազմակերպելով ՝ չսպիացած վերքի վրա աղ է լցվում։
Այս պայմաններում խաղաղության մասին խոսակցությունը կարող է վերածվել նոր անհավասարության շարունակության։ Խաղաղությունն, անշուշտ, ցանկալի է, բայց ոչ հասարակության մի ստվար հատվածի արժեքների ոտնահարմամբ։ Պատերազմը կարող է հաղթող և պարտվող ունենալ, բայց խաղաղությունը չի կարող։
Մարիամ Սարգսյան