Եթե ​​նոյեմբերի 9-ի հայտարարությունը վավեր է, ապա ինչո՞ւ Արցախում հայեր չկան

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով՝ Շուշիի անկումից հետո, ավարտվեց 44-օրյա պատերազմը։ Այն հրադադարի մասին համաձայնագիր կամ խաղաղության պայմանագիր չէր, այլ անհասկանալի մի փաստաթուղթ, որի կարգավիճակն առայսօր անհայտ է։

«Հայտարարության» ձևաչափը չի ենթադրում որևէ պաշտոնական պարտավորություն և չի համարվում օրինական միջպետական ​​փաստաթուղթ։ Եւ միայն հայկական կողմն է կատարել իր «պարտավորությունները», «վերադարձնելով» Ակնան և Քարվաճառն ու Քաշաթաղը առանց որևէ կրակոցի։

Հայտարարության որևէ այլ կետ չի իրականացվել։

2024 թվականի գարնանը ռուսական զորքերը դուրս են եկել Արցախից, այն բանից հետո, երբ այնտեղ ոչ մի հայ չի մնացել։ Ռուս գեներալը Ակնայում տեղակայված ռուս-թուրքական համատեղ կենտրոնում իր թուրք գործընկերոջը զեկուցել է, որ «վերջապես խաղաղություն է հաստատվել Ղարաբաղի հողում»։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի նպատակը առանց հայերի “խաղաղություն հաստատելն էր”։

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ուժի մեջ է մնում։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ կողմերից ոչ մեկը (Ռուսաստան, Հայաստան կամ Ադրբեջան) պաշտոնապես չի հայտարարել այդ համաձայնագրերից դուրս գալու մասին։

Պաշտոնական Երևանը նշում է, որ հայտարարության բազմաթիվ դրույթներ կոպտորեն խախտվել են (ներառյալ գերիների և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ 8-րդ կետը), և որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության էթնիկ զտումներից և արտաքսումից հետո համաձայնագրի հիմնական սկզբունքները ոչնչացվել են։ Հայաստանի ղեկավարությունը նշում է, որ փաստաթղթի երաշխիքները ձախողվել են, բայց չի հայտարարում փաստաթղթի ավարտի մասին։

Բաքուն հայտարարում է փաստաթղթին իր հավատարմության մասին, սակայն հետագա իրադարձությունների և Ղարաբաղի լիակատար օկուպացիայի հետևանքով դրա շատ դրույթներ համարում է կամ կատարված, կամ այլևս ոչ արդիական։

Բաքուն հայտարարության ստորագրումը համարում է «հաղթանակ» և Հայաստանի կապիտուլյացիայի իրավական ձևակերպում։ Սակայն պարզ է, որ եռակողմ հայտարարությունը չի կարող համարվել կապիտուլյացիա։ 

2022 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի, ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չկա, ընդգծեց, որ կարող է ներկայացվել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և դեռևս ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որում նշված է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի: Այս փաստաթուղթը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Միրզոյանը ընդգծում է, որ այս փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, և սա անշրջելի փաստ է: Նա նաև հիշատակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի հայտարարությունները, որոնցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգում է, և որ ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը մնում է ուժի մեջ:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատմության մեջ կմտնի որպես անօրինական փաստաթուղթ, որը չի վավերացվել կողմերի կողմից, բայց դրանով հանձնվել են տարածքներ, իրականացվել է էթնիկ զտում և ամբողջ տարածաշրջանի բնիկ բնակչության վտարում: Վեց տարի անց Եռակողմ հայտարարությունը պահպանում է իր օկուպացիոն ուժը՝ այժմ տարածվելով մինչև Սյունիք և Հայաստանի այլ մասեր, որն ամբողջությամբ կարող է դառնալ Պուտինի կամ Թրամփի «միջանցք»։

Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մեջ է մնում, ինչո՞ւ Արցախում հայեր չկան (հենց այդպես են անվանել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվերով 2024 թվականին պատրաստած զեկույցը): Եվ եթե այն այլևս ուժի մեջ չէ, ապա ինչի՞ հիման վրա է այժմ Ադրբեջանն իշխում Արցախում։

Եռակողմ հայտարարության մեջ, որը շատ արցախցիներ սկզբից ընդունել են որպես իրենց անվտանգության երաշխիք, չեն հիշատակում «հայերը», իսկ ռուս «խաղաղապահները» իրենց գնդացիրները ուղղում էին միջանցքով անցնող հայերի վրա՝ պաշտպանելով ոչ թե նրանց, այլ նրանցից։

Ուշադիր կարդացեք հայտարարությունը վերջին 6 տարիների տեսանկյունից։

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը

10.11.2020

Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարեցինք հետևյալի մասին (լուսապատճենը կցվում է).

1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը: