Նոյեմբերի 9-ի հայակործան հայտարարությունը՝ որպես Արցախի օկուպացիայի հիմք

Այսօր լրանում է 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցը։ Վեց տարի առաջ հայ ժողովրդի թիկունքում ստորագրված այս գիշերային փաստաթուղթը «կյանքերի փրկության ակտ» չէր, ինչպես տարիներ շարունակ փորձում էր հանրությանը մատուցել Երևանի դավաճանական վարչախումբը։ Այն հանդիսացավ մեր նորագույն պատմության ամենախայտառակ և աղետաբեր շրջադարձը, որի հեղինակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էր։ Հենց այս հայտարարությամբ սկիզբ դրվեց հազարամյա հայապատկան Արցախի ամբողջական բռնի հայաթափմանը։

Այս վեց տարիների հեռավորությունից դիտարկելով հետագա զարգացումները՝ 2022-ի Պրահայի հայտարարությունը, 2023-ի իննամսյա շրջափակումն ու սեպտեմբերյան ցեղասպանական էթնիկ զտումը, ակնհայտ է դառնում ռազմավարական ամբողջական պատկերը․ նոյեմբերի 9-ը 1921 թվականի ռուս-թուրքական Մոսկվայի և Կարսի ավազակային պայմանագրերի ստատուս քվոյի ուժային վերահաստատումն էր՝ Հայաստանի Հանրապետության և հայ ազգի հաշվին։

Թեև պաշտոնական քարոզչությունը փորձում էր այն ներկայացնել իբրև կողմերի միջև հավասարակշռված բանակցությունների արդյունք, անհերքելի փաստ է, որ Կրեմլը՝ Բաքվի դրդմամբ, ոչ թե կանգնեցրեց ագրեսիան այն օրերին, երբ դա հնարավոր էր անել նվազագույն կորուստներով, այլ միտումնավոր սպասեց մինչև Շուշիի անկումը, որպեսզի հայկական կողմին պարտադրեն բացարձակ կապիտուլյացիոն պայմաններ։ Այս փաստաթուղթը դարձավ Արցախի լուծարման և հայաթափման ծրագրավորված գործիքը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսներն ու թուրքերը վերահաստատեցին Մոսկվայի պայմանագրով հաստատված ստատուս քվոն, որը Հայաստանը և հայությունը կոտրել էին 1991-1994 թթ. Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ, երբ ազատագրվեց Արցախի մեծ մասը։

1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բոլշևիկա-քեմալական Մոսկվայի պայմանագրով և Կովբյուրոյի հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ Հայաստանը բռնի մասնատվել էր, իսկ Արցախն ու Նախիջևանը կցվել էին սովետական Ադրբեջանին։ 1991-1994 թվականներին հայ ազգն իր միասնական բազկով և նահատակների արյամբ փշրեց այդ գաղութային կապանքները՝ ազատագրելով հայրենի հողերը և ստեղծելով բնական անվտանգության վահան։ Սակայն Կրեմլն ու Անկարան չներեցին հայկական հաղթանակը։ 2020-ի նոյեմբերի 9-ով նրանք ձեռնամուխ եղան 1921-ի ռուս-թուրքական ստատուս քվոյի ուժային վերականգնմանը՝ կոտրելով 90-ականների ազատագրական հաղթանակի ձեռքբերումները։

2023 թվականի Արցախի հայաթափման սկիզբը դրվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, երբ առանց մի կրակոցի հանձնվեցին Արցախի համար ռազմավարական կարևորություն ունեցող տարածքները, և Արցախը մնաց մերկացած՝ ադրբեջանական վտանգի առջև։

Դավաճան Փաշինյանի մեկ գրչի հարվածով, առանց որևէ ռազմական բախման, Ադրբեջանին նվիրաբերվեցին Ակնան, Քարվաճառն ու Բերձորը։ Քարվաճառի անառիկ բարձունքների և Բերձորի շրջանի կորստով Արցախը զրկվեց իր բնական լեռնային պատվարից և Հայաստանի հետ ուղիղ ռազմավարական թիկունքից։ Մնացյալ հատվածը դարձավ անպաշտպան անկլավ՝ ամբողջությամբ շրջապատված թշնամու նշանառության տակ գտնվող դիրքերով։ 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգությունը նախագծվել էր հենց 2020 թվականի այս անկրակոց հանձնման մեջ։

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախ մուտք գործեցին ռուսական զորքերը, որոնց մուտքը Արցախ 30 տարի փակ էր։

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի անվտանգության պատասխանատուները ռուսներն էին։

Եռակողմ հայտարարության տեքստով և Մոսկվայի հրապարակային երաշխիքներով՝ Արցախի բնակչության խաղաղ կյանքի, ինչպես նաև Բերձորի միջանցքի ազատ երթևեկության անվտանգության միակ ու բացարձակ երաշխավորը Ռուսաստանն էր։ Ռուսաստանը մենաշնորհեց այդ գործառույթը՝ փակելով խաղաղապահների մուտքը։ Սակայն գործնականում ռուսական զորախումբը ոչ թե պաշտպանում էր հայությանը, այլ հետևողականորեն զինաթափում էր Արցախի ՊԲ-ին, թույլ տալիս ադրբեջանցիների առաջխաղացումները (Փարուխ, Խծաբերդ, Քարագլուխ), իսկ իննամսյա շրջափակման ու 2023թ․ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ վերածվեց Բաքվի դաշնակցի՝ նպաստելով հայերի բռնի տեղահանմանը։

Նիկոլ Փաշինյանի առաջին և ամենամեծ դավաճանությունը հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր, որով նա Բաքվին հանձնեց Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, իսկ մնացյալ Արցախը՝ Ռուսաստանին։

Գաղտնի ստորագրությամբ, առանց խորհրդարանի և առանց ժողովրդի կամարտահայտության՝ Փաշինյանը կատարեց իր հակապետական գլխավոր քայլը։ Նա Ադրբեջանին հանձնեց մարտեր չտեսած հսկայական տարածքները, իսկ մնացած ողջ Արցախի և նրա բնակչության ճակատագիրը նվիրեց Ռուսաստանի Դաշնությանը՝ ինքնակամ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության անվտանգային և իրավական պարտավորություններից։ Դա կատարյալ դասալքություն էր պետական մակարդակով։

Պրահայի հայտարարությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանական շարունակությունն էր։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը (86,600 քկմ՝ ներառյալ Արցախը) նորություն չէր․ դա նոյեմբերի 9-ի դավաճանական ակտի իրավական ձևակերպումն էր։ Երբ դու 2020-ին հողերը հանձնում ես և հրաժարվում պաշտպանությունից, դու անխուսափելիորեն հասնում ես Պրահայի ուրացմանը։ Փաշինյանը Բաքվին տվեց միջազգային քարտ-բլանշ՝ հայտարարելու Արցախի հարցը «ներքին գործ», ինչն էլ վերջնականապես կանաչ լույս վառեց հետագա էթնիկ զտման առաջ։ Իսկ ռուսների կանաչ լույսը միշտ վառ էր:

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իրավիճակը շտկելու մեկ ձև կար՝ Արցախ հրավիրել միջազգային խաղաղապահներ և վերականգնել Երևանի վերահսկողությունը մնացյալ Արցախի նկատմամբ։

Հայաստանն ուներ հնարավորություն կանխելու աղետը։ Դրա համար պահանջվում էր անհապաղ դուրս գալ ռուսական մենաշնորհից, դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին և պահանջել միջազգային բազմազգ խաղաղապահ առաքելություն (Սկանդինավյան կամ եվրոպական երկրների ներգրավմամբ)։ Միաժամանակ, Երևանը պարտավոր էր վերահաստատել իր պետական-իրավական վերահսկողությունը Արցախի նկատմամբ՝ հիմնվելով 1989թ․ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման վրա։ Փաշինյանի իշխանությունը կանխամտածված մերժեց այս ուղին՝ գերադասելով Մոսկվային հնազանդվելն ու Արցախի լիակատար մեկուսացումը։

2023 թ. նիկոլի դավաճանական վարչակազմը և Հայաստանի բանակը լուռ հետևեցին, թե ինչպես է հայաթափվում հազարամյա հայապատկան Արցախը՝ ռուսների և թուրքերի կողմից։

2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական բանակը ռուսական զորախմբի հովանու ներքո գրոհեց ինը ամիս շրջափակված և սովահարված Արցախի վրա, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը չեն միջամտելու։ Հայոց բանակին, որի արյան գնով էր ազատագրվել Արցախը, արգելվեց կրակ բացել և պաշտպանել սեփական հայրենակիցներին։ Ռուսները զինաթափում էին հայերին,  ազերիները մտնում էին գյուղեր, իսկ Երևանի ռեժիմը լուռ սպասում էր հայաթափման ավարտին։

Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, իր հերթին, օգտվելով Հայաստանի ներկայիս ռեժիմի կամազուրկ և դավաճանական կեցվածքից, ինչպես նաև Հայաստանի բոլոր իշխանությունների՝ Արցախի հարցում վարած զիջողական քաղաքականությունից, որը, ըստ էության, ընդունում էր սովետական ապօրինի վարչատարածքային սահմանները, հարաբերականորեն պասիվ դիրք ընդունեց Արցախի օկուպացիայի ժամանակ՝ խախտելով իր իսկ պարտականությունները Մինսկի խմբի շրջանակներում։ Նրանք չխանգարեցին ռուս-թուրքական պայմանավորվածություններին՝ ստանալով իրենց մասնաբաժինը՝ Ռուսաստանի տարածաշրջանից հեռացման տեսլականը

Արևմուտքի դիրքորոշումը պետք է գնահատել իրատեսորեն։ Երբ Հայաստանի երեք նախագահները տասնամյակներ շարունակ ընդունում էին Մադրիդյան սկզբունքներն ու սովետական սահմանները, իսկ գործող ռեժիմը ստորագրեց նոյեմբերի 9-ի հայակործան հայտարությունը և Պրահայում Արցախի հանձնումը ֆիքսեց, ապա Վաշինգտոնն ու Փարիզը չէին կարող լինել ավելի հայամետ, քան ինքը՝ Հայաստանի կառավարությունը։ Միաժամանակ, Արևմուտքը առաջնորդվեց իր գլոբալ աշխարհաքաղաքական շահով․ չխոչընդոտելով ռուս-թուրքական արկածախնդրությանը՝ նրանք հասան Կովկասում Ռուսաստանի դիրքերի մասամբ փլուզմանը և ռուսական ազդեցության դուրսմղման տեսլականին, թեև դրա ողբերգական գինը եղավ Արցախի հայաթափումը։

Մոսկվան, ծրագրելով Ուկրաինայի դեմ ագրեսիան և նպատակ ունենալով թուրքական կողմին չեզոք պահել այդ ագրեսիայի ընթացքում, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և 2023 թվականի Արցախի հայաթափմամբ հերթական անգամ առևտուր արեց Հայաստանի շահերի հաշվին՝ զոհաբերելով դրանք։

2020-ի աշնանը Կրեմլն արդեն նախապատրաստվում էր Ուկրաինա ներխուժմանը։ Հասկանալով, որ սպասվում են աննախադեպ պատժամիջոցներ և կատաղի դիմադրություն, Մոսկվային կենսականորեն անհրաժեշտ էր Թուրքիայի չեզոքությունը, նեղուցների չփակվելը և տնտեսական գորշ խողովակների բաց մնալը։ Այս առևտրում Հայաստանն (ու Արցախը) դարձավ այն մանրադրամը, որով Պուտինը վճարեց Էրդողանին։ Ռուսաստանը կրկնեց 1920-1921 թվականների բոլշևիկյան դավաճանությունը՝ սեփական կայսերական արկածախնդրության համար զոհաբերելով իր «դաշնակցի» հողերն ու ժողովրդին։

Ուկրաինական ագրեսիայի հետևանքով Մոսկվան ստիպված, իր կամքին հակառակ, լքում է Հարավային Կովկասը և, ըստ 1921 թ. Մոսկվայի պայմանագրի, գերադասում է այդ տարածքը թողնել Թուրքիային՝ դուրս պահելով Արևմուտքին։

Ուկրաինական ճահճում կրած ահռելի ռազմական ու տնտեսական հարվածները Ռուսաստանին զրկել են իր ծայրամասերը վերահսկելու ռեսուրսներից։ Կրեմլը ստիպված է նահանջել։ Սակայն այստեղ աշխատում է դարավոր կայսերական իներցիան․ ռուսական էլիտան գերադասում է Հարավային Կովկասը զիջել Թուրքիային, միայն թե թույլ չտա եվրոատլանտյան քաղաքակրթական մուտքը տարածաշրջան։ Այս քայլով Մոսկվան ինքնակամ ամրապնդում է պանթուրքիզմի վտանգը, որը ի վերջո հարվածելու է հենց իրեն։

Նոր աշխարհակարգ է ստեղծվում։ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա, Արևմուտքը, չնայած Նիկոլի դիմադրությանը, ոտատեղ է անում Հայաստանում: Թուրքիային ծանր օրեր են սպասվում. մասնավորապես, նա Իսրայելի և Հունաստանի հետ հակամարտության փուլ է մտնում։ Ադրբեջանը, Թուրքիայի և Իսրայելի գնալով սրվող հարաբերությունների պայմաններում, շպագատի վրա է նստում, և Բաքվին նույնպես ծանր օրեր են սպասվում։ Իրանը ծանր շրջափուլի մեջ է, և եթե Իրանում ի վերջո տեղի ունենա իշխանափոխություն, ու Իրանը դառնա Արևմուտքի համար ոչ թշնամական երկիր, ապա Հայաստանի համար նոր պատուհան կբացվի։

Արցախի կորուստը ժամանակավոր է։ Հայաստանը ապագա չունի առանց Արցախի։ Սակայն երբ Արցախն ազատագրվի, դա արվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության ենթատեքստում՝ հիմնվելով 100 տարի առաջվա հայանպաստ պայմանագրերի և վճիռների վրա։

Սա մեր ապագայի գլխավոր, անբեկանելի դոկտրինն է։ Հայաստանի ոչ մի ապագա կենսունակ չէ առանց Արցախի ռազմավարական բարձունքների։ Բայց մենք այլևս երբեք չպետք է կրկնենք 1991-ի սխալը՝ Արցախը դիտարկելով որպես «առանձին պետություն» կամ սակարկության առարկա։ Արցախն ազատագրվելու է որպես Հայաստանի Հանրապետության միասնական տարածքային ամբողջականության անբաժանելի մաս։

Այդ նպատակին հասնելու առաջին և պարտադիր պայմանը Մոսկվայի, իսկ այժմ՝ Անկարայի և Բաքվի կամակատար նիկոլ փաշինյանի վարչակազմի հեռացումն է։ Վարչակազմ, որն անվերապահորեն կատարում է Բաքվի խանի բոլոր պահանջները և Հայաստանը տանում դեպի Ադրբեջանի պրոտեկտորատի կարգավիճակ։ Հայ ժողովուրդը պարտավոր է արթնանալ և դուրս շպրտել նիկոլ փաշինյանի թշնամական ռեժիմին։

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ