
«Ինձ համար զարմանալի է, որ ընդդիմադիր ուժերն ասում են՝ չընդունենք ալիևյան սահմանադրությունը։ Խոսքն ինչի՞ մասին է՝ Անկախության հռչակագրի, այ դրա մասին պետք է խոսել, ոչ թե ասել՝ Ալիևի պահանջով է։ Ալիևի անունը տալիս ենք, ի՞նչ անենք, ի՞նչ կապ ունի Ալիևը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախի Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։
«Պահանջը պետք է լինի այն, որ Անկախության հռակագիրն ընհանրապես չհանվի Սահմանադրության նախաբանից։ Իսկ ինչ մնում է Սահմանադրությանը, իրոք, Սահմանադրությունը պետք է փոխվի։ Արցախցիներն էլ շատ դեպքերում ասում են՝ մենք պետք է հղում անենք մեր Սահմանադրությանը։ Այդ Սահմանադրությունը հենց ստեղծել են, որ Արցախը կործանվի։ Եվ ՀՀ Սահմանադրությունը ստեղծված է, որ Արցախը կործանվի»,- հավելեց Սարգսյանը։
Նա նշեց, որ ամբողջ խնդիրը Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելն է, որտեղ հստակ ֆիքսված է՝ «․․․հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա․․․»։
«Իսկ ինչո՞ւ միացումը տեղի չունեցավ։ Մեր ողբերգությունների սկիզբը հենց դա է՝ 1991 թվականը։ Եվ ոչ մեկը չի ուզում դրա մասին բարձրաձայնել։ Այն ժամանակ, երբ մենք համաձայնեցինք անկախ պետություն ստեղծել, հենց ողբերգությունը դա էր։ Եվ այն մարդիկ, ովքեր մասնակցել են դրան, առաջնորդել են, որ մենք անկախ պետություն ստեղծենք, նրանք բառիս բուն իմաստով դավաճաններ են։ Առաջին հերթին նրանց պետք է դատել։ Ցավոք սրտի, միացումը տեղի չունեցավ, և մենք հասանք այս օրվան»,- ասաց Աշոտ Սարգսյանը։