
Գորիսում տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել քաղաքի կանաչ տարածքներին և էլեկտրական ենթակառուցվածքներին, գրում է «Syunik.news»–ը։
Քաղաքի տարբեր հատվածներում ձյան ծանրության տակ բազմաթիվ ծառեր ու ճյուղեր են կոտրվել, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը։
Ստեղծված իրավիճակի հետևանքով քաղաքի մի հատված զրկվել է էլեկտրամատակարարումից։ Հատկանշական է, որ հոսանքազրկված տարածքում կան նաև դպրոցներ և մանկապարտեզներ, ինչը իրավիճակին հաղորդում է լրացուցիչ մտահոգիչ նշանակություն։
Այս պահին կարևոր է ոչ միայն հնարավորինս արագ վերականգնել էլեկտրամատակարարումը, այլև գնահատել վնասները, հեռացնել կոտրված ու վտանգ ներկայացնող ծառերը և ապահովել բնակիչների, հատկապես երեխաների անվտանգությունը։
Սյունիք Նյուզը կհետևի իրավիճակի զարգացմանը։