
Սերտիֆիկատ եք տվել, բայց բնակարանային խնդիրը չեք լուծել, հազարավոր արցախցի ընտանիքներ այսօր էլ բնակարանային լուրջ խնդրի առաջ են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին արցախցիների բնակապահովման ծրագրերի վերաբերյալ հարցեր ուղղելով։
Պատամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Արցախից բռնի տեղահանված անձանց համար պետության կողմից առաջարկվող բնակարանային ապահովման կամ հիպոթեքային աջակցության ծրագրերով նախատեսվող գումարները նվազել 2.2 միլիարդով։
«Արցախից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությունը 6.4 միլիարդ էր, թիրախը 10.000 ընտանիք էր։ Հիմա էլ է թիրախն այդքան։ Ըստ պաշտոնական տվյալների՝ բնակարանային ապահովման սերտիֆիկատներով տուն են գնել մոտավորապես 4000 ընտանիք, կամ միքիչ ավելի։ ԱԺ-ում արցախցիների հետ քննարկումների ժամանակ մենք խոսել ենք դրանց ոչ արդյունավետության մասին, բայց 2027 թվականին նախատեսվող գումարները մոտավորապես 2.2 միլիարդով պակասել են»,- ասաց նա։
Ֆինանսների նախարարը նշեց, որ որքանով տեղյակ է Արցախից տեղահանված մոտ 9000 ընտանիք ստացել է սերտիֆիկատ, և պրոցեսը վերջին շրջանում բավականին արագացել է։
«Ինչ վերաբերվում է գումարի նվազեցմանը, ապա այստեղ հաշվարկային գումարներ են, և մեր նպատակը այն է, որ այդտեղ դնենք այնքան փող, որքան հավանականություն կա, որ կծախսենք։ Եթե նույնիսկ ինչ-որ պարագայում մենք ունենանք հավելյալ ծախսեր, ապա մենք ունենք պահուստներ, որտեղից այդ խնդիրները կհամալրենք և կլուծենք»,- պարզաբանեց նախարարը։
Եթե տրամադրված գումարը կրճատվել է, դա նշանակում է, որ կառավարությունը հույս չունի 2027-ին ծրագրավորված 10 հազ․ արցախցի ընտանիքի ապահովել բնակարաններով։ Ոչ միայն փող չկա, այլև բնակապահովման ծրագրի պայմաններն այնպիսինն են, որ հազարավոր մարդիկ ուղղակի չեն դիմի բնակապահովման ծրագրին։
Նախ՝ ՀՀ նոր անձնագիր վերցնելու պայմանը թույլ չի տալիս մարդկանց արագ դիմել բնակապահովման ծրագրին․ գրեե մեկ տարի պետք է սպասել, մինչև նոր անձնագիր կտրամադրեն, էլ չասած փաստաթղթեր պատրաստելու տանջանքների մասին։ Հիմա դրան գումարվել է նաև անձնագրի բավական բարձր “վճարը”։ Բացի այդ, մարդիկ ի վիճակի չեն մտնել վարկային ծուղակի մեջ՝ լրացնելու համար սերտիֆիկատով նախատեսված գումարը։
«Ձեր առաջարկը և շուկան բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Սերտիֆիկատների տրամադրումը չի նշանակում, որ դուք լուծել եք բնակարանային խնդիրը, և այսօր Արցախի հազարավոր ընտանիքներ բախվում են լրջագույն սոցիալական խնդրի հետ, կոնկրետ՝ բնակարանային»,- ասում է Լիլիթ Գալստանը։
Ավելացնենք նաև, որ խոչընդոտներից մեկը՝ համեմատաբար հասանելի երկրորդական շուկայի բնակարանների առաջարկի նվազումն է։ Ինչպես խոստովանում են բարեկեցության նախարարությունում, գնելու տուն գրեթե չի մնացել։ Նախարարությունը նաև ֆիքսում է, որ ավելացել են կառուցապատելու համար տրամադրվող սերտիֆիկատները։
Վերջին մի քանի ամսվա ընթացքում նկատվում է, որ կառավարությունը “թաքուն” խրախուսում է մասնավոր ընկերություններին՝ կառուցել “էժան” բնակարաններ, որոնք կարելի է ձեռք բերել միայն սերտիֆիկատով, ընդ որում՝ նաև 1-3 հոգանոց կամ սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Այդ գործընթացն արդեն սկսվել է տարբեր երևանամերձ քաղաքաներում՝ Եղվարդում, Աբովյանում, Աշտարակում։ Սակայն պետական հստակ քաղաքականության, շահագրգիռ հողահատկացման, որակի վերահսկողության պակասը դեռ վստահություն չեն ներշնչում արցախցիներին։ Շինարարական կազմակերպություններն ևս հապավում են, քանի որ չգիտեն, թե ինչպիսին է կառավարության քաղաքականությունը։
Արդյո՞ք կառավարությունը պատրաստ է փոխել “արցախցիների համար առանձին թաղամասեր չկառուցելու” իր արատավոր սկզբունքը։ Արցախցիներն ի սկզբանե առաջարկում էին ուղղել պետական և դոնորական գումարները նոր բնակարանների կառուցմանը, սակայն կառավարությունը դրա մեջ “գետտոյացման” անհասկանալի վտանգ էր տեսնում։ Հիմա էլ ասում է, որ չի խանգարելու կառուցապատմանը, բայց և պետական աջակցություն էլ չի տրամադրելու։
Ի՞նչն է խանգարում կառավարությանը։
Ակնհայտ է, որ մինչև չվերանայվեն բնակծրագրի արատավոր սկզբունքները, պետական գումարները անարդյունավետ կծախսվեն, և խնդիրը չի կուծվի։ Բնակծրագիրը հասել է կրիտիկական կետի, որն անհնարին է հաղթահարել առանց լուրջ վերանայման։